Այսօր՝ մայիսի 7-ին, կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել է երկրում նախատեսվող կապիտալ շինարարությունների ծրագրի մասին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը նշել է, որ այսօր մեկնարկում են 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ։ Մի մասն արդեն ավարտման փուլում է, մյուսները պատրաստ կլինեն մինչև օգոստոս։
«Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված են կամ ավարտական փուլում են, դրանցից 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ 21 ու ավելի օբյեկտի շինարարությունը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ», – ասել է Ղուլարյանը։
Տիգրան Ավինյանը կարևորել է արագության առումով ավելի առաջանցիկ քաղաքականություն որդեգրումն այս հարցում։
«Մեր առաջնահերթությունների եռյակում պետք է լինեն այս ծրագրերը», – նշել է փոխվարչապետը։
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ շինարարություններ տեղի են ունենալու հանրապետության ամբողջ տարածքում։
«Շինարարական ընկերությունները բոլոր մեր այն համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնել արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացի մեջ», – եզրափակել է Հարությունյանը։