Երեկ՝ Բելառուսի նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների դեմ բողոքի ցույցերի 36-րդ օրը, Մինսկում և այլ քաղաքներում զանգվածային հանրահավաքներ ու երթեր են կազմակերպվել։ Մայրաքաղաքում իրականացված, «Հերոսների երթ» անունը ստացած ակցիայի ավելի քան 200 հազար մասնակիցները փորձում էին հասնել նախագահի նստավայր, ինչը, սակայն, չի հաջողվել ոստիկանների կոշտ դիմադրության պատճառով։
Հազարավոր ցուցարարներից կազմված, շուրջ 2կմ երկարությամբ երթը հասել է մինչև Մինսկի արվարձանում գտնվող Դրոզդի բնակավայր, որտեղ գտնվում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի տունը։ Նախագահական համալիրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հաղթողների պողոտայում ոստիկանները խոչընդոտել են երթի խաղաղ ընթացքին՝ թույլ չտալով ցուցարարներին մոտենալ Լուկաշենկոյի տանը։
Ինտերֆաքսի փոխանցմամբ, նախագահի բնակավայրի դիմաց զրահափոխադրիչ է տեղակայված եղել, իսկ տանիքում հսկողություն են իրականացրել սև կամուֆլյաժով զինված անձինք։
Ոստիկանական զորապահ ջոկատին հանդիպելուց հետո ցուցարարները երեկոյան տեղական ժամանակով ժամը վեցին որոշել են վերադառնալ կենտրոն։
Երեկոյան բելառուսական տելեգրամ ալիքներում տեսանյութեր էին հայտնվում, որոնցում քաղաքացիական հագուստով ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալում են Դրոզդի հասած ցուցարարների խմբի անդամներին։
«Բելսաթ» հեռուստաալիքի կողմից հարցված վկաները պատմում են, որ ցուցարարներին ցրելու համար ուժային կառույցների ներկայացուցիչները լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Ոստիկանությունն այս տեղեկատվությունը հերքում է։
Իրավապահ մարմինները չեն խոչընդոտել հիմնական «Հերոսների երթի» ընթացքին, բայց մինչև երթը ու դրան հաջորդած ակցիաների ժամանակ ձերբակալել ու ծեծի են ենթարկել հարյուրավոր ցուցարարների։
Բելառուսի ներքին գործերի նախարարության տվյալներով, երեկ միայն մայրաքաղաքում բերման է ենթարկվել շուրջ 400 ցուցարար։
Tut.by֊ը գրում է, որ որոշ վկայությունների համաձայն, ոստիկանների և ցուցարարների բախումների վայրում կրակոցներ են հնչել։ ՆԳՆ պաշտոնական հայտարարության համաձայն, ցուցարարներին զսպելու համար իրավապահները օդ են կրակել։ Հագամանքները, որոնց բերումով «ուժային կառույցի աշխատակիցները ստիպված են եղել այդպես վարվել», նախարարությունը նկարագրում է այսպես․ «Ոստիկանները ձերբակալում էին Հաղթողների պողոտայի ակտիվ ցուցարարներին։ Այդ ընթացքում ավելի քան հարյուր այլ ցուցարարներ հարձակվել էին ոստիկանության աշխատակիցների վրա ու փորձում էին ազատել ձերբակալվածներին»։
Զանգվածային բողոքի ցույցեր են իրականացվել նաև Գրոդնոյում, Գոմելում, Մոգիլյովում, Վիտեբսկում, Պոլոցկում և Բելառուսի այլ քաղաքներում։ Մարզային ցույցերին միացել են մի քանի հարյուրից մինչև հազար քաղաքացիներ։
Բրեստում հարյուրավոր ցուցարարներ փակել են քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկի երթևեկելի գոտին։ Ոստիկանները փողոցը բացել են ջրցան մեքենայի կիրառությամբ։ Պողոտան փակելու երկրորդ փորձն ավարտվել է զանգվածային ձերբակալություններով։
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 12-ին, Մինսկում անց է կացվել արդեն ավանդական դարձած «կանանց երթը», որին մասնակցել է ավելի քան 10 հազար քաղաքացի։ Նման ռեկորդային մասնակցությունը լրագրողները բացատրում են Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովայի առևանգմամբ և ձերբակալությամբ։
Նախագահի նախկին թեկնածու, այժմ անազատության մեջ գտնվող Վիկտոր Բաբարիկոյի շտաբի անդամ, իշխանության խաղաղ փոխանցման համար ստեղծված Համակարգող խորհրդի ներկայացուցիչ Մարիա Կոլեսնիկովային առևանգել էին սեպտեմբերի 7-ին։ Հաջորդ օրը նրան ու խորհրդի ևս երկու անդամների փորձել են բռնի Ուկրաինա տեղափոխել։ Կոլեսնիկովան պատռել է անձնագիրն ու մնացել Բելառուսում։ Այժմ նա ձերբակալված է։ Մեղադրվում է պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։
Այսօր Բելառուսի հակակառավարական բողոքի ցույցերի 37-րդ օրն է։ Սոլիդարության երթերին ու հանրահավաքներին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ։
լուսանկարները՝ charter97.org