Home / Հայաստան / «Թող ամեն ինչ ավարտվի հաղթանակով»․ բողոքի ցույց՝ Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ

«Թող ամեն ինչ ավարտվի հաղթանակով»․ բողոքի ցույց՝ Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ

Արևելյան գործընկերության ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հորդորում է Բելառուսի իշխանություններին դադարեցնել բռնությունն ու բռնաճնշումները և կառուցողական երկոսություն սկսել նախագահական ընտրությունների ընդդիմադիր մասնակից Սվետնալա Տիխանովսկայայի հետ։ Տվյալ պահանջը նրանք ներկայացրեցին Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ այս րոպեներին անցկացվող բողոքի ցույցի ընթացքում։

Սեպտեմբերի 5-7-ին ձերբակալվել են Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ բելառուս երեք հասարակական գործիչներ` Իրինա Սուխիյը, Անդրեյ Յահորաուն և Ստանիսլավ Հուսակովը: Քննարկելով այս խնդիրը, Ֆորումի Ղեկավար կոմիտեն հայտարարություն է ընդունել և առաջարկել ԱլԳ պետություններում իրականացնել բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն ձերբակալված բելառուս գործընկերների:

«Սույն բողոքի ակցիայով մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բելառուս իրավապահ մարմինների կողմից քաղաքացիական հասարակության, երիտասարդների և այլախոհների հանդեպ բռնությունը եւ բռնաճնշումները ու հորդորում ենք Բելառուսի Հանրապետության իշխանությանը կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության ներկայացուցիչների հետ», – ասում են մասնակիցները։

Նրանց խոսքով՝ հայաստանյան իշխանությունների արձագանքը՝ Բելառուսում կատարվողի իրադարձություններին, համարժեք չէ։ Ինչ վերաբերում է մի շարք հասարակական կազմակերպությունների կոչին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ նիստ հրավիրելու վերաբերյալ, ակցիայի մասնակիցներն անհրաժեշտություն են անվանել դրա անցկացումը։

Պահանջը չկատարելու դեպքում բողոքողները «կինտենսիվացնեն գործողությունները»։ Դրա հետ մեկտեղ նշում էին, որ ամեն ինչ կախված է Բելառուսի ժողովրդից, որին հորդորեցին լինել ուժեղ և իմանալ, որ հայաստանյան քաղհասարակությունն իրենց կողքին է։

Մասնակիցների շարքում էր նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ «Շատ դժվար է անտարբեր լինել Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Այս բողոքի ակցիան մեր համերաշխությունն է բելառուս ժողովրդին, նրանց քաղաքացիական հասարակությանը, հատկապես՝ իրավապաշտպաններին ազատ արձակել, դադարեցնել բռնությունները ակտիվիստների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։

Մենք անցել ենք այդ ճանապարհը։ Մաղթենք, որ Բելառուսում ամեն ինչ ավարտվի հաղթանակով՝ քաղաքացիական հասարակության, ժողովրդի հաղթանակով, ազատվե՛լ բռնակալից», – ասել է նա։

Մեկ ամսից ավել է՝ ինչ Բելառուսում շարունակվում են նախագահական ընտրություններից հետո ավելի մասսայական դարձած բողոքի ցույցերը։ Երկրում ձերբակալվել է 6000-ից ավել մարդ։ Վերջիններիս հարազատները նշում են, որ որևէ տեղեկություն չունեն ձերբակալվածների մասին։ Իրավապաշտպաններն, իրենց հերթին, ահազանգում են՝ հարյուրավոր քաղաքացիներ կտտանքների են ենթարկվում կալանավայրերում։

Նշենք, որ սա առաջին բողոքի ցույցը չէ, որով Հայաստանում իրենց աջակցությունն են հայտնում բելառուս ժողովրդին։ Օգոստոսի 12-ին կրկին դեսպանատան մոտ ակցիա անցկացվեց։ Իսկ հաջորդ օրը մայրաքաղաքում քայլերթ տեղի ունեցավ՝ ի աջակցություն Բելառուսի։