Home / Շուկա / Ռուբեն Վարդանյանը խոշոր կաշառք է տվել Թաթարստանի նախագահին

Ռուբեն Վարդանյանը խոշոր կաշառք է տվել Թաթարստանի նախագահին

Forbes֊ի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում գրանցված բիզնեսմեն Ռուբեն Վարդանյանը վերջերս 3 միլիարդ ռուբլի կաշառք է վճարել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի ընտանիքին։

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, Սկոլկովոյի (հայտնի է որպես ռուսական Սիլիկոնյան հովիտ) և այլ նորարարական նախագծերի աջակից, «Տռոյկա դիալոգ» ներդրումային կազմակերպության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով իր շուրջը սուպերառաջադեմ, բարեգործ բիզնեսմենի համբավ է ստեղծել, նորից հետաքննության հերոս է դարձել, այս անգամ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում։

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (ՖԲԿ) ոչ առևտրական կազմակերպություն է՝ հիմնադրված Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնու կողմից։

ՖԲԿ֊ի հետաքննության մեջ ասվում է, որ Ռուբեն Վարդանյանին է պատկանում Կիպրոսում գրանցված Santerna Holdings Limited օֆշորային ընկերությունը, որը 2016 թվականին գնել է Թաթարստանի նախագահի կնոջ՝ Գուլսինա Միննիխանովայի «Լուչանո» ընկերության (Կազանում գտնվող Luciano պրեմիում դասի սպա կենտրոն) բաժնետոմսերի 49 տոկոսը։ 2017 թվականին այդ գործարքի շնորհիվ Միննիխանովան ներառվել է Ռուսաստանի 50 ամենահարուստ կանանց ցանկում՝ զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը։ Հայտարարագրի համաձայն, նրա եկամուտը 2016 թվականին կազմել է 2,35 մլրդ ռուբլի (որից 2.2 մլրդ֊ը ստացվել է Վարդանյանին պատկանող Santerna օֆշորի հետ կնքված գործարքից)։

Ընկերության բաժնետոմսերի կեսը կիպրոսյան օֆշորին վաճառելու մասին Միննիխանովի մամուլի քարտուղար Էդուարդ Հայրուլինը հայտնել է 2017 թվականին՝ Թաթարստանի պետպաշտոնյաների սեփականության հայտարարագրերի հրապարակումից հետո։ Հայրուլինը չի նշել, թե ով է կանգնած օֆշորային կազմակերպության ետևում։ Կիպրոսյան ցուցակագրի համաձայն, գործարքի կնքման պահին Santerna֊ն պատկանում էր Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում գրանցված  Noellia Holdings Limited ընկերությանը։ 2017֊ի մայիսին Vademecum հրատարակությունը գրել էր, որ Միննիխանովայի նոր գործընկերը կարող է դառնալ Վարդանյանը։ Կես տարի անց՝ 2017֊ի մայիսին, Վարդանյանը պաշտոնապես դարձավ Santerna֊ի սեփականատերը։ «Սփարք» բազայի տվյալներով, 2016 թվականից մինչ օրս «Լուչանո»֊ի բաժնետերերի կազմը չի փոխվել․ 51% պատկանում է Միննիխանովային, 49%՝ կիպրոսյան Santerna֊ին։

ՖԲԿ֊ն՝ հղվելով Santerna֊ի հաշվետվություններին, պնդում է, որ կիպրոսյան ընկերությունը $33,5 միլիոնով «Լուչանո»֊ի 49 տոկոսը գնելով, իռհաշվին ավելացրել է բիզնեսի ընդհամենը $6,6 մլն արժողությամբ մասը։ 2018֊ին, շարունակում է ՖԲԿ֊ն՝ հղվելով հաշվետվությանը, օֆշորը «Լուչանո»ժի կանոնադրական կապիտալին փոխանցել է ևս $10 մլն, բայց «ամբողջությամբ արժեզրկել է նաև այդ ներդրումը»։ Ընդհանուր առմամբ, Վարդանյանը վճարել է $43,4 մլն, որից $38,4 միլիոնը՝ շուրջ 3մլրդ ռուբլի, ավելի ուշ «դուրս է գրվել»։ ՖԲԿ֊ն վստահեցնում է, որ «դուրս գրված» գումարները փոխանցվել են որպես կաշառք։

Forbes ամսագիրը ևս ուսումնասիրել է Santerna֊ի հաշվետվությունը։ Դրա համաձայն, Santerna֊ն «Լուչանո»֊ն գնել է 2016  $33,45 միլիոնով։ Այս ծախսը գրանցվել է որպես «ներդրում», որն ավելի ուշ $26,8 միլիոնով արժեզրկվել է՝ 2016 թվականի դեկտեմբերին կազմելով ընդհամենը $6,6 մլն։ 2018 թվականին Santerna֊ն նորից ներդրում է կատարել «Լուչանո»֊ում, այս անգամ՝ $10 մլն։ Ուր են գնացել այս միջոցները՝ պարզ չէ․ «Լուչանո»-ում Santerna֊ի բաժնետոմսերի թիվը չի ավելացել։

«Լուչանոյի» հաշվապահական հաշվետվություններից պարզ է դառնում, որ 2018 թվականի առաջին կեսին ընկերությունն իր հետ կապված այլ ընկերությունների փոխառություն է տրամադրել․ 50 մլն ռուբլի «Յուլդաշ ի Կո»֊ին, 391,9 մլն՝ «Գանդ Օ»֊ին և 100մլն՝ «Լուսիանո»-ին։ Առաջին երկուսը «Լուչանո»֊ի 100 տոկոսանոց դուստր կազմակերպություններն են, իսկ «Լուսիանո»֊ն 100 տոկոսով պատկանում է Գուլսինա Միննիխանովային։ Վերջինս անձամբ երեք անգամ փոխառություն է ստացել «Լուչանո»֊ից՝ գումարային 109,5 մլն ռուբլու չափով։ 2019֊ի վերջում «Յուլդաշ ի կո»֊ն և «Լուսիանո»֊ն փակել է «Լուչանո»֊ի պարտքը։ «Գրանդ Օ»֊ի տրամադրած 391,9 մլն և Միննիխանովային տրամադրած 62,5 մլն պարտքը «Լուչանո»֊ն որոշել է ներել։

Վարդանյանն արդեն հասցրել է մեկնաբանել հրապարակված հետաքննությունը․

«Անհեթեթություն է։ Դա նորմալ աշխատող բիզնես է, ես գոհ եմ, բայց այն ներդրումներ է պահանջում։ Եթե ինչ֊որ մեկը չի հասկանում, թե դա ինչ է նշանակում՝ իր խնդիրն է», — Forbes֊ի հետ զրույցում նշել է Վարդանյանը, զերծ մնալով ավելի մանրամասն պատասխաններից։

2019 թվականի մարտին հայտնի դարձավ, որ ռուսական «Տրոյկա դիալոգ» մասնավոր ներդրումային բանկի միջոցով շուրջ 9 մլրդ դոլար փողերի լվացում է իրականացվել։ Այս մասին ասվում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետաքննությունների միջազգային նախագծի (OCCRP) հայտարարության մեջ։

«Տրոյկա֊լվացքատուն» նյութում ասվում է, որ կազմակերպված հանցավորության սխեման թույլ էր տալիս դրա հետ կապված անձանց և կոռուպցիոներներին խուսափել հարկերից և ունեցվածքը թաքցնել արտերկրում։

Հետաքննության մեջ շոշափվում է նաև վիոլոնչելիստ Սերգել Ռոլդուգինի անունը, ով հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է։ Ռոլդուգինը հիշատակվում է OCCRP֊ի մեկ այլ հետաքննության մեջ ևս՝ «Պանամյան դոսյեում»։ Հաստատվում է, որ Ռոլդուգինի անունով գրանցված օֆշորային հաշիվներով անցել է ավելի քան 2 մլրդ դոլար։

Հետաքննության համաձայն, «Տրոյկա դիալոգը» 2000-ականների սկզբներին հիմնել է նվազագույնը 76 օֆշորային ընկերություններ, որոնք հաշիվներ էին բացում 2013 թվականին փակված լիտվական Ukio Bankas֊ում։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հաշիվները բացվում էին փոխանձանց անուններով, ովքեր հիմնականում չէին էլ իմանում՝ ինչ գումարներ են շրջանառվում իրենց հաշիվներով։

Տրանզակցիաների մեծ մասը կեղծ է եղել․ գումարներ են հատկացվել գոյություն չունեցող ապրանքների և ծառայությունների դիմաց։ Լիտվական բանկից գումարները փոխանցվել են արևմտյան այլ բանկեր։