Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որըստ հետազոտությունների արդյունքների, ռուսական ընդդիմության առաջնորդ, Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնու օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբի տոքսին։ Գերմանիայի Դաշնային հանրապետության իշխանությունները Ռուսաստանից պատասխան են ակնկալում։ Կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ դեպքի հետ կապված իրենց հետագա քայլերը կքննարկեն Եվրամիության և ՆԱՏՈ֊ի գործընկերների հետ։ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն այս տեղեկատվությունը դեռևս չի մեկնաբանել։
«Շարիտե համալսարանական կլինիկայի հանձնարարությամբ Բեռլինի Բունդեսվեռ լաբորատորիան Ալեքսեյ Նավալնու անալիզների թունաբանական հետազոտություն է իրականացրել։ Մասնագետները միանշանակ ապացույցներ են գտել այն բանի, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ ռազմական նյութով», ֊ ասվում է Գերմանիայի կառավարության տարածած հայտարարությունում։
Թույնի հստակ հայտնաբերման մասին տվյալները կփոխանցվեն Արգելված քիմական զենքերի միջազգային կազմակերպություն։
«Այն, որ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում դարձել է քիմիական զենքի զոհ՝ շոկայաին իրադարձություն է։ Գերմանիայի դաշնային կառավարությունը խստագույնս դատապարտում է այս հարձակումը։ Ռուսաստանի իշխանությունները պետք է շտապ արձագանքեն և մեկնաբանեն հետազոտության արդյունքները», ֊ ասվում է կառավարության աշխատակազմի հայտարարության մեջ։
Անգելա Մերկելն այսօր Նավալնու թունավորման վերաբերյալ զրուցել է ֆինանսների նախարար Շոլցի, ԱԳՆ Մաասի, ՆԳՆ Զեեհոֆերի, արդարադատության նախարար Լաբրեխտի, պաշտպանության նախարար Կրամպ֊Կարեբուերի և կանցլերի գերատեսչության ղեկավար Բրաունի հետ։ Նրանք քննարկել են գործի հետ կապված Գերմանական կառավարության հետագա քայլերը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ի առավոտյան Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Ինքնաթիռն արտահերթ վայրէջք է կատարել Օմսկի օդանավակայանում։ Նավալնուն կոմայի մեջ տեղափոխել են Օմսկի համար մեկ հիվանդանոց։ Նա դաշնակիցները վստահ են, որ առողջության կտրուկ վատթարացման պատճառը թունավորումն է։ Օմսկի հիվանդանոցի բժիշկները ընդդիմադիր գործի մոտ նյութափախանակության խանգարում են ախտորոշել՝ առանց մանրամասնելու դրա պատճառը։
Նավալնու ընտանիքը պահանջում էր թույլտվություն տրամադրել արտերկրում բուժման համար։ Գերմանիայից ժամանած բժիշկներին Օմսկի հիվանդանոցը տեղափոխման թույլտվություն չէր տալիս՝ դա բացատրելով Նավալնու վիճակի ծանրությամբ։ Օգոստոսի 22-ին, սակայն, հաջողվեց հատուկ ինքնաթիռով Նավալնուն տեղափոխել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց։