Այսօր առավոտյան Մինսկի կենտրոնում անհայտ անձանց կողմից առևանգվել է բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան։ Այս մասին գրում է Tut.by–ը՝ վկայի ցուցմունքներին հղվելով։
Tut.by֊ի՝ առևանգմանը ներկա գտնված ընթերցողը հայտնել է, որ Կոլեսնիկովային նստացրել են «Связь» գրառմամբ միկրոավտոբուս ու տարել անհայտ ուղղությամբ։ Հեռախոսին չի պատասխանում։ Բելառուսի ՆԳՆ֊ն հայտարարել է, որ Կոլեսնիկովայի մասին որևէ տեղեկություն գերատեսչությունը չունի։
Իշխանության խաղաղ փոխանցման համար ստեղծված Համակարգող խորհրդի անդամ Մաքսիմ Զնակը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղ են այժմ գտնվում Կոլսնիկովան և խորհրդի մեկ այլ անդամ Ռոդնենկովը։ Զնակը հայտարարել է, որ իրենց չի հաջողվում կապ հաստատել նաև խորհրդի գործադիր քարտուղար Իվան Կռավցովի հետ։ Վերջինս քիչ առաջ կապի է դուրս եկել, նրա հետ ամեն ինչ կարգին է։
Կոլեսնիկովան նախագահի ձերբակալված թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչն է։ Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածության գրանցումից հետո նախագահի մեկ այլ թեկնածու Վալերի Ցեպկալոյի կնոջ՝ Վերոնիկա Ցեպկալոյի հետ համատեղ մասնակցում էր Տիխանովսկայայի նախընտրական քարոզարշավին։ Կոլեսնիկովան ընդդիմադիր Համակարգող խորհրդի անդամ էր։ Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մասնակցել է Միսնկի հերթական զանգվածային երթին։
Երեկվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր ցուցարարներ։ Բելառուսի Ներքին գործերի նախարարության տվյալներով սեպտեմբերի 6-ին տարբեր քաղաքներում ձերբակալվել է 633 մարդ։ Իրավապաշտպանները նշում են, մարդկանց բերման էին ենթարկում մեծամասամբ քաղաքացիական հագուստով ոստիկանները։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն գրեթե մեկ ամիս։