Բեյրութում փրկարար ծառայությունը դադարացրել է անհետ կորածներին գտնելու հույսով մեկ շաբաթ առաջ վերսկսված որոնողական աշխատանքները։
Մի քանի օր առաջ Չիլիից ուղարկված հատուկ սենսորային սարքը ցույց էր տվել, որ քաղաքի տուժած շրջաններից մեկի ավերակների տակ կարող են մարդիկ լինել։ Որոնողական խմբի փրկարարները, սակայն, ի վերջո որոշեցին, որ ընկալող-հաղորդող սարքը, հավանաբար, գրանցել է իրենցից մեկի սրտի զարկը։ «Այս մասին խոսելու կարիք այլևս չկա։ Այնտեղ ո՛չ կենդանի, և ո՛չ էլ մեռած մարդիկ չկան», – France-Presse-ին հայտնել է Լիբանանի քաղաքացիական պաշտպանության առաջնորդ Աբու Մուսսան։
Օգոստոսին Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած են համարվում 7 քաղաքացիներ։ Ավելի քան 190 մարդ մահացել է, 6.5 հազար մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։ Հարյուր հազարավոր մարդիկ անտուն են մնացել։ 3 հազար տոննա ամոնիումային սելտրայի պայթյունի հետևանքով տուժել է քաղաքի ահռելի հատվածը։
Պայթյունի հզորությունը, փորձագետների գնահատմամբ, տրոտիլային համարժեքով գերազանցում է կիլոտոննան։ Այդպիսով, այս պայթյունը պատմության ուժեղագույն ոչ միջուկային պայթյունների թվին է դասվում։
Աղետի հետևանքով երկրում էլ ավելի է սրացել քաղաքական տնտեսական ճգնաժամը։ Զանգվածային բողոքի ակցիաներն ուժգնացել են։ Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, նոր կառավարություն է կազմավորվել։