Home / Համայնքներ / Գազի պայթյունից տուժածները կապահովվեն կացարաններով․ կա մեկ զոհ և վիրավորներ (լրացված)

Գազի պայթյունից տուժածները կապահովվեն կացարաններով․ կա մեկ զոհ և վիրավորներ (լրացված)

Օգոստոսի 26-ի առավոտյան պայթյունի հետևանքով փլուզվել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքը։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի հաղորդմամբ՝ մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

«19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են», – գրել է Փաշինյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2731813267139051

Ավելի ուշ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ 2 հոգի հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է», – գրել է Նիկողոսյանը։

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2867936733308101

 

Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Նրա փոխանցմամբ՝ մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/640398953270410