Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի երկու պայթյունների հետևանքով նվազագույնը 78 մարդ է մահացել, ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է, քաղաքի մի քանի թաղամասեր ամբողջությամբ ավիրված են։ Իշխանությունների հայտարարության համաձայն, ամոնիումի նիտրատի (հայտնի է որպես ամոնիումային սելիտրա) հսկայական խմբաքանակ է պայթել, որը նավահանգստում արդեն երկար ժամանակ պահվում էր առանց անվտանգության միջոցների պահպանման։
Պայթյունի վկաների տարածած տեսանյութերում սկզբում ծխի սյուն է երևում, հետո ուժգին պայթյուն է որոտում, որից հետ սնկաձև ամպ է ձևավորվում քաղաքի վրա։ Ցնցող ալիքի հետևանքով մեծ թվով շինություններ են տուժել։
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, զոհերի թիվը կարող է անհամեմատ ավելի մեծ լինել, քանի որ փլուզված շինություններ տակ հավանաբար դեռ մարդիկ կան։
Լրջորեն տուժել է Բեյրութի նավահանգիստը։ Սա երկրի համար ծանր տնտեսական խնդիր է, քանի որ Լիբանանն անհրաժեշտ ապրանքների մեծ մասը ներկրում է։
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է անգամ միջերկրական Կիպրոս կղզում, որը Բեյրութից 240 կիլոմետր հեռավորության վրա է։
Լիբանանյան Կարմիր խաչը հայտնում է, որ հիվանդանոցներն ամբողջությամբ լցված են։
Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրում եռօրյա սուգ է հայտարարել, խոստացել է պատճառված վնասի փոխհատուցմանը 100 մլրդ լիրա (66 մլն ԱՄՆ դոլար) հատկացնել։ Բեյրութն աղետի գոտի է հայտարարել, իշխանությունները կարող են անվտանգություն ապահովելու համար բանակային ստորաբաժանումներ բերել։
Աունը հայտարարել է, որ շուրջ 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել նավահանգստում, արդեն վեց տարի, ընդ որում՝ անվտանգության միջոցները չեն պահպանվել։ Նա կոչ արեց պատասխանատվության ենթարկել մեղավորներին։