Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նվազագույնը 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
Այսօր՝ օգոստոսի 4-ին, Բեյրութի նավահանգստի տարածքում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որի արձակած ցնցող ալիքից լրջորեն տուժել են հարակից շենքերը, քաղաքի տարբեր մասերում պատուհաննեն են փշրվել։ Նավահանգստի աշխատանքը դադարեցվել է։
Դեպքի վայրում նկարահանված տեսանյութում ծխի մեծ սյուն է երևում, որը տարածվում է նավահանգստի պահեստային տարածքից։ Ծխի տարածումից հետո նարնջագույն ուժգին պայթյուն է երևում, որից տարածվող գմբեթաձև ալիքը տարածվում է բոլոր ուղղություններով։
Չճշտված տեղեկություններ կան նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի նախկին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած երկրորդ պայթյունի մասին։
Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ:
Տեղական լրատվականներում շրջանառվում է այն վարկածը, որ կատարվածի մեղավորը Իսրայելն է։ Իսրայելի Արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազին հանդես է եկել հերքող հայտարարությամբ։
Ուրբաթ օրը ՄԱԿ-ի արտակարգ դատարանը վճիռ է կայացնելու նախկին վարչապետ Հարիրիի սպանության մեջ մեղադրվող չորս քաղաքացիների գործի վերաբերյալ։ Վերջինս սպանվել է 2005 թվականին՝ զրահապատ մեքենայի ուժգին պայթյունի հետևաքով։ Տեղական ԶԼՄ-ներն այսօրվա պայթյունը կապում են այդ դատական գործի հետ։ Մեղադրվող չորս քաղաքացիները «Հեզբոլլա» խմբավորման անդամ են։ Խմբավորումն իր հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքները հերքում է։