Կիրակի կայացավ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գործով երկրորդ դատական նիստը։ Վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի, վստահության չարաշահման և խարդախության մեջ։ Դատավորի որոշմամբ, վկաների լսումները կսկսվեն հունվարին։ Նեթանյահուի փաստաբանը, ով իր պաշտպանյալին ձախ դավադրության զոհ է համարում, բացատրել է, որ այսպիսի հետաձգումն իսկապես անհրաժեշտ էր, քանի որ պարզ չէ՝ «ճի՞շտն է ասում դիմակով վկան, թե՞ ոչ», գրում է Le Figaro հրատարակչության լրագրող Մարկ Անրին։
Մայիսի կեսերին Բենյամին Նեթանյահուն հինգերորդ անգամ ստանձնեց Իսրայելի վարչապետի պաշտոնը։ Մայիսի 24-ին նա դատարանի առաջ էր՝ կաշառք վերցնելու, խարդախության, վստահության չարաշահման մեղադրանքներով։ Վարչապետն իրեն առաջադրված մեղադրանքները հերքում է, դրանք որակելով որպես քաղաքականապես մոտիվացված «վհուկների որս»։
«․․․[Վկաների հարցաքննությունը հետաձգվեց], իսկ փողոցային ցույցերն առանց ընդմիջման շարունակվում են։ Երուսաղեմում ու Թել Ավիվում շաբաթ և կիրակի օրերին մի քանի հազար ցուցարար էր հավաքվել։ Մարդիկ պայքարում են ընդդեմ «հանցագործության նախարար» (անգլերեն բառախաղ․ «crime minister»՝ հանցագործության նախարար՝ «prime minister»֊ի՝ վարչապետ, փոխարեն) Նեթանյահուի, պահանջում են պատշաճ ուշադրություն դարձնել համավարակից ամենաշատը տուժած ոլորտներին։ «Կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որն ավելի դաժան էր, քան առաջինը, քիչ հույս է թողնում «նորմալ» կյանքին վերադառնալու համար։ Օրական 1500-2000 մարդ է վարակվում, ծանր հիվանդների թիվն արագորեն աճում է», – գրում է Անրին։
Նեթանյահուի վարկանիշն իջնում է նաև սեփական «Լիկուդ» կուսակցությունում։ «Համավարակի սկզբում վարչապետը խաղի կանոնները թելադրողի դիրքում էր։ Այժմ նրա դիրքերը թուլանում են անգամ «Լիկուդի» ներսում, որտեղ նա մինչ այժմ անդրդվելի հեղինակություն էր։ ․․․ Այսպիսի ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար Նեթանյահուն հայտարարեց, որ 18 տարին լրացած բոլոր իսրայելցիները 190-ական եվրո գումար կստանան, երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները՝ 770 եվրո։ Այս խիստ ծախսատար (1,5 մլրդ եվրո) քայլը կոշտ քննադատության արժանացավ, քանի այն տարբերություն չէր դնում համավարակից անհամաչափ տուժած քաղաքացիների միջև»։