Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։30-ին մի խումբ մարդիկ հավաքվել էին Ազգային ժողովի դարպասների մոտ՝ համերաշխություն հայտնելու երկու տարի շարունակ Ամուլսարում հանքի շահագործման դեմ պայքարող ջերմուկցիներին և հերթական անգամ կոչ անելու կառավարությանը՝ վերջ տալ խուսափողական քաղաքականությանը և չեղարկել Ամուլսարի ոսկու հանքի ՇՄԱԳ-ը։
Ակցիայից կես ժամ անց Ազգային ժողովի բակում պետք է մեկնարկեր Վերդիի «Տրավիատա» բարեգործական համերգը՝ Բեյրութի հայ մշակութային օջախների վերականգման համար։
Ցույցի մասնակիցներն ընդգծում էին՝ ակցիայի իմաստը համերգի խափանումը չէ, այլ՝ Ամուլսարի խնդրին դրա մասնակիցների, պաշտոնյաների և մամուլի ուշադրության գրավումը։
«Բեյրութի իրադարձությունների և Ամուլսարի կապը ակնհայտ է․ փոխանակ լինի աղետ, սգանքու փորձենք օգնել, հիմա՛ կարող ենք կանխել աղետը: Իրադարձություններից երկուսի դեպքում էլ պատճառը բիզնեսի շահերն են և կառավարության ապիկարությունը», – ասված էր ակցիայի անոտացիայի մեջ։
«Պաշտպանել կյանքը․ չլռե՛լ, չհանցակցել», «Բեյրութ և Ամուլսար՝ կառավարության և բիզնեսի հանցակցություն», «Արի թունավորեմ, հետո փող կբաժանեմ, որ բուժվես», «Բարի գործ արեք, Ամուլսարը հանգիստ թողեք» պաստառներով մարդիկ կանգնած էին ԱԺ դարպասների մոտ։
Ակցիայից շփոթված ոստիկանները զեկուցում էին վերադասներին և չէին կողմնորոշվում՝ ինչ անել։ Բերման ենթարկվածներ, ի տարբերություն նախորդ ակցիաների, չեղան։
Բաղրամյան փողոցով անցնող մեքենաների վարորդներն ազդանշաններ էին արձակում՝ ի սոլիդարություն ցույցի մասնակիցների։
Համերգի մեկնարից առաջ՝ ժամը 20։00-ի սահմաններում, ցույցարարները հայտարարեցին, որ ակցիան ավարտված է և պատրաստվում էին հեռանալ տարածքից, երբ նկատեցին, որ ոստիկանները կանգնեցրել են սուլող մեքենաներից երկուսը, վերցրել վարորդների անձնագրերը և սպառնում վարչական ակտ կազմել։
Ճանապարհային ոստիկանություն տարածքում չկար։ Հերթապահող ոստիկանների պատճառաբանությունները՝ ինչի հիման վրա են մտադիր վարչական ակտ կազմել վարորդների նկատմամբ, տարբերվում էին․ մեկն ասում էր, թե ազդանշան արձակելու, մյուսը՝ արգելված տեղում կանգնելու համար։
Քիչ ժամանակ անց ակցիայի վայր ժամանեցին ՃՈ ծառայողները։ Արգելված վայրում կայանելու համար վարորդների նկատմամբ ակտ կազմվեց։ Վարորդների փաստարկները, թե իրենք կայանել են, որովհետև ոստիկանները առգրավել են իրենց փաստաթղթերը, ՃՈ ծառայողները համարեցին անբավարար․ «Կբողոքարկե՛ք համապատասխան ատյաններում»։