Home / Շուկա / Բուլղարիայում արդեն երկու ամիս է փորձում են վռնդել վարչապետին

Բուլղարիայում արդեն երկու ամիս է փորձում են վռնդել վարչապետին

Մինչ Արևելյան Եվրոպան հետևում է Բելառուսի դեպքերին, շրջանի մյուս ծայրում՝ Եվրոպայի ամենաաղքատ և ամենակոռումպացված երկրում, արդեն երկու ամիս շարունակվում են աղմկոտ ու բազմամարդ բողոքի ցույցերը։ Ուղիղ երկու ամիս Բուլղարիայում ցուցարարները պահանջում են վարչապետ Բոյկո Բորիսովի ու նրա կառավարության հրաժարականը։

Ցույցերի արդյունքում պաշտոնից հեռացվել են մի քանի նախարարներ, բայց ցուցարարների հիմնական պահանջը հենց Բորիսովի հրաժարականն է։ Վերջինս՝ իր կառավարության հետ համտեղ, մեղադրվում է կոռուպցիայի, ապօրինությունների և օլիգարխների հետ հանցավոր կապեր ունենալու մեջ։

Ցույցերը շարունակվում են առանց դադարների՝ հավաքելով երբեմն մի քանի հազար, իսկ երբեմն ավելի փոքր թվով քաղաքացիների։ Երկրի բազմաշերտ ընդդիմությունը միավորվել է վարչապետի ու նրան շրջապատող պաշտոնյաների հրաժարականի պահանջի շուրջ։ Ցուցարարները փակում են փողոցները, կամուրջներն ու մայրուղիները, ձվեր ու լոլիկներ են նետում ներքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ։ Ակցիաներից մեկի ժամանակ շուրջ մեկ տոննա փտած ձուկ են լցրել կառավարության շենքի դիմաց։

Ցույցերը հիմնականում խաղաղ են անցնում։ Անցյալ շաբաթ, սակայն, խորհրդարանի շենքի դիմաց կայացած ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև․ քաղաքացիները բանջարեղեններ ու քարեր էին նետում ուժայինների ուղղությամբ, վերջիններս պատասխանում էին գազապղպեղով։ Բախումների արդյունքում տասնյակ մարդիկ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել կամ ձերբակալվել։

Բուլղարիան Եվրոպամիության ամենաաղքատ և՝ իրավապաշտպանների գնահատմամբ, ամենակոռումպացված երկիրն է։ Բորիսովն ու նրա «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) կուսակցությունը երկրում իշխում են արդեն 11 տարի՝ կարճ ընդմիջումներով։ Ընդդիմության պնդմամբ, հասրակությունն այս կառավարությունից այլևս սպասելիքներ չունի։

Բորիսովը չի ցանկանում հրաժարական ներկայացնել՝ պնդելով, որ իր կուսակցությունն առաջվա պես ամենամեծ ժողովրդականությունն է վայելում երկրում։

Վերջին միջինացված տվյալների համաձայն, ՔԲԵԶ֊ի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 28 տոկոսը, ինչը 5 տոկոսով գերազանցում է հիմնական հակառակորդ Սոցիալիստական կուսակցության ցուցանիշը։ Սոցիոլոգների վերջերս իրականացրած հաշվարկների համաձայն, քաղաքացիների շուրջ 60 տոկոսն աջակցում է ցուցարարներին ու պահանջում գործող կառավարության հրաժարականը։

Բորիսովն արդեն աշխատանքից հեռացրել է մի քանի նախարարների, ընդ որում նրանց, ովքեր ամենասերտ կապերն ուներին տեղական օլիգարխների հետ։ Նաև նախաձեռնել է նոր սահմանադրական փոփոխություններ, որոնց անցկացումից հետո խոստանում է հրաժարական ներկայացնել ու նոր կարգով մասնակցել ընտրություններին։

Սահմանադրական փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է կրկնակի նվազեցնել խորհրդարանում պատգամավորների թիվը, կրճատել գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը։ Ընդդիմությունը փոփոխությունների այս նախագիծն անհեթեթ է համարում

«Նա պարզապես փորձում է ժամանակ շահել՝ հույս ունենալով, որ ցույցերը կմարեն։ Ամեն գնով փորձում է խուսափել անցումային կառավարություն ստեղծելուց, որը կնշանակեր նախագահ Ռումեն Ռադևը, և որը մանիպուլացնելու լծակներ Բորիսովը չէր ունենա», – Բի֊բի֊սիի հետ զրույցում նշել է ընդդիմության աջակից, Լոնդոնի համալսարանական քոլեջի միջազգային իրավունքի դոկտոր Ռադոսվետա Վասիլևան։

Նա վստահ է, որ Բորիսովի՝ հրաժարական չներկայացնելու պատճառներից է նաև Եվրամիության լուռ աջակցությունը։