Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դիվերսիայի մեղադրանքով Բաքվում ձերբակալված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի լուսանկարներն ու տեսանյութերը սոցիալական ցանցերում տարածելու մեջ մեղադրվող զինծառայողներն ուղարկվել են պահեստազոր։
«Որոշ զինծառայողներ կոպտորեն խախտել են ադրբեջանական բանակում բջջային հեռախոսներ չօգտագործելու հրամանը, տեսանկարահանել և լուսանկարել են հայ հետախույզին ու նյութերն ուղարկել իրենց հարազատներին՝ ստեղծելով պայմաններ դրանց տարածման համար», – հայտարարել է գերատեսչությունը։
Հաղորդագրության համաձայն, քննությամբ մեղավոր ճանաչված զինծառայողներն ուղարկվել են պահեստազոր։ Գործին իրավական գնահատական կտա զինվորական դատախազությունը։
Գուրգեն Ալավերդյանը Ադրբեջանի տարածքում է հայտնվել օգոստոսի 23-ին։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ սպան եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ալավերդյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել «ագրեսիվ պատերազմական գործողություններ վարելու», «լրտեսության», «օրենսդրությամբ չնախատեսված ռազմական կազմավորման կամ խմբի ստեղծման», «հրազենային զենքերի, դրա համալիր մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի ու սարքավորումների ապօրինի ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխման, կրման» և «պետական սահմանի անօրինական հատման» հոդվածներով։ Այս մեղադրանքներով Ալավերդյանին երկարատև՝ ընդհուպ մինչև ցմահ, ազատազրկում է սպառնում։