Home / Բանակ / Բանակից խուսափածները չեն դատվի, եթե վճարեն պայմանագրայինի 2 տարվա աշխատավարձը

Բանակից խուսափածները չեն դատվի, եթե վճարեն պայմանագրայինի 2 տարվա աշխատավարձը

Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Այս մասին հայտնել է «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Հայրապետյանը։

Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կունենան։

 

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չէր գործում օրենսդրական այն կարգավորումը, որի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության չանցած և 27 (պահեստազորի սպայական կազմի համար՝ 35 ) տարին լրացած քաղաքացիներին հնարավորություն էր տրվում սահմանված կարգով և չափով պետվճարումներ անելու դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ավելի մանրամասն՝ այստեղ։