Home / Բանակ / Բանակից խուսափողներին դատելու են նույնիսկ 27-ը լրանալուց հետո

Բանակից խուսափողներին դատելու են նույնիսկ 27-ը լրանալուց հետո

2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն կարգավորումը, որի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության չանցած և 27 (պահեստազորի սպայական կազմի համար՝ 35 ) տարին լրացած քաղաքացիներին հնարավորություն էր տրվում սահմանված կարգով և չափով պետվճարումներ անելու դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ազգային ժողովի կողմից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարաձվում էր: Վերջին օրենսդրական փոփոխությամբ՝ 2019 թվականի մարտի 6-ին ընդունված օրենքի գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարությունն այսօր որոշում կայացրեց օրենքի գործողության ժամկետն այլևս չերկարաձգել։

«Այս օրենքը կոնկրետ ժամանակահատվածում, կոնկրետ քաղաքական և տնտեսական հիմնավորվածության շրջանակներում հանդիսացել է պետության կողմից դրսևորված խրախուսական բնույթի ակտ, որը հնարավորություն է տվել դադարեցնել պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց քրեական հետապնդումը․ Օրենքի գործունեության ընթացքը, սակայն, ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինծառայությունից խուսափելու միջոց։ 18 տարին լրացած շատ քաղաքացիներ՝ հույսը դնելով այս օրենքի պարբերաբար երկարաձգման վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից և վերադառնալ՝ զորակոչի համար սահմանային տարիքը լրանալուց հետո, վճարել համապատասխան գումար և ազատվել քրեական պատասխանատվությունից», – Կառավարության այսօրվա նիստին ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Երկիրը լքելու միջոցով զորակոչից խուսափողների թիվը շարունակաբար չի նվազում, ինչը, ըստ պաշտպանության նախարարի, պայմանավորված է նաև այս օրենքի առկայությամբ։

Մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օրենքը մնալու է ուժի մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց՝ քաղաքացիները, ովքեր մինչ այս խուսափել են զինծառայությունից, դեռ հնարավորություն ունեն «հենց այսօր ինքնաթիռի տոմս առնել, գալ Հայաստան, անցնել բոլոր պրոցեդուրաները, Նոր տարին էլ նշել Հայաստանի Հանրապետությունում»։