Home / ԼԳԲՏ+ / Youtube-ն արգելում է սպառնալիքները, խտրականությունը և ատելության քարոզը

Youtube-ն արգելում է սպառնալիքները, խտրականությունը և ատելության քարոզը

YouTube֊ը խստացնում է բովանդակության թույլատրելիության պահանջները։ Այսուհետ YouTube մոդերատորները կջնջեն տեսանյութերը, որոնցում ռասայական, սեռական կամ գենդերային հիմքով «նենգամիտ վիրավորանքներ» կան։ Վիդեոհոսթինգը չի հրապարակի նաև բռնության սպառնալիք պարունակող տեսանյութերը։

Նոր կանոնների պատճառով YouTube֊ը պատրաստվում էր ջնջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, որում նա սենատոր Էլիզաբեթ Ուորենին «Պակահոնտաս» է անվանում, երբ իմանում է նրա բնիկ ամերիկյան արմատների մասին։ Ի վերջո վիդեոհոսթինգը համաձայնեց, որ նախագահի նպատակն ընտրողների բարեհաճությանն արժանանալն էր, ոչ թե մարդուն վիրավորելը, և տեսանյութը չջնջվեց։

Հունիսի սկանդալը

Կանոնները խստացնելու որոշումը YouTube-ի ղեկավարությունը կայացրեց 2019-ի հունիսի սկանդալից հետո։

Սկանդալի կենտրոնում լրագրող Կառլոս Մազան էր, ով Vox լրատվական կայքի համար «Ջնջվածը» ընդհանուր անվանմամբ շարք էր թողարկում։ Վիդեոբլոգեր Սթիվեն Քրաուդերը վիրավորական պատասխան տեսանյութեր էր նկարում Մազայի յուրաքանչյուր նյութից հետո՝ ծաղրելով նրա սեռական կողմնորոշումն ու էթնիկ պատկանելությունը (Քրաուդերը յութուբում 4մլն հետևորդ ունի, Vox լրատվականը՝ 6մլն)։

Կառլոս Մազայի բողոքին ի պատասխան Քրաուդերը նշել էր, որ դա ընդհամենը ընկերական ծաղր է։ YouTube֊ը հրաժարվել էր ջնջել վիրավորական տեսանյութերը, քանի որ դրանք չէին խախտել հոսթինգի պահանջները, սակայն խոստացել էր այլ լուծում տալ հարցին։ Շուտով Քրաուդերի նկատմամբ անհատական պատժամիջոցներ կիրառվեցին, որոնք սահմանափակում էին գովազդի միջոցով գումար աշխատելու հնարավորությունը։

Դեկտեմբերի 11-ին վիդեոհոսթինգը հայտարարեց, որ պատրաստվում է ջնջել Քրաուդերի որոշ տեսանյութեր, որոնք չեն համապատասխանում նոր կանոններին։

YouTube֊ը նախկինում էլ ջնջում էր ակնհայտ բռնության սպառնալիքներ, արտաքին տեսքի հետ կապված ծաղր, անձնական ինֆորմացիայի հանրայնացում, վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութերը։

Նոր կանոնների համաձայն չեն հրապարակվի նաև, տեսանյութերը, որոնցում կա․

  • բռնության գաղտնի կամ ենթադրելի սպառնալիք, օրինակ՝ «զգուշացիր» կամ նմանատիպ ակնարկային արտահայտություններ,
  • մարդու նկատմամբ բռնության նմանակում,
  • ռասայական, գենդերային կամ սեռական բնույթի նենգամիտ վիրավորանք։

Վիդեոհոսթինգի հայտարարության համաձայն, նոր պահանջները վերաբերում են բոլորին՝ քաղաքական գործիչներից ու ինֆլյուենսերներից մինչև սովորական օգտատերեր։ Կանոնները խախտողները չեն կարողանա գումար աշխատել գովազդի միջոցով, տեսանյութերը կարող են ջնջվել, ալիքը կարող է արգելափակվել։ Ղեկավարությունը հատուկ նշել է, որ լինելու են բացառություններ երգիծական կոնտեքստում կիրառված վիրավորական արտահայտությունների համար, օրինակ երգերում կամ սթենդափում։

«Օգտատերերից ստացված բողոքները դիտարկվելու են անհատապես և տեսանյութի համատեքստն անպայմանորեն հաշվի է առնվելու, ինչը իհարկե չի նշանակում, որ կարելի է մարդուն վիրավորել, իսկ հետո ասել որ դա կատակ էր», – մանրամասնել է Յութուբի ներկայացուցիչ Նիլ Մոենը։