Home / Դատարան / Կառավարությունը 1․6 մլն եվրո հատկացրեց՝ ՄԻԵԴ-ում պարտված գործով փոխհատուցման համար

Կառավարությունը 1․6 մլն եվրո հատկացրեց՝ ՄԻԵԴ-ում պարտված գործով փոխհատուցման համար

Կառավարությունը 1 միլիոն 611 հազար եվրո հատկացրեց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործերով փոխհատուցման համար։

Այս գործով փոխհատուցման գումարն ավելին է, քան Եվրադատարանի կողմից Հայաստանի դեմ մինչ օրս կայացված բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը: 

Վճիռը կայացվել էր դեռևս հուլիսի 25-ին․ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Հայաստանին երեք ամսվա ընթացքում 1 մլն 608 հազար եվրո վճարել 83-ամյա Յուրի Վարդանյանին։

«Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործի քննության շրջանակներում ՄԻԵԴ-ը դեռևս 2016 թվականին ճանաչել էր Վարդանյանի արդար դատաքննության, ինչպես նաև սեփականության իրավունքի խախտումները։ 2019 թվականի հուլիսիս 25-ի վճիռը վերաբերում էր բացառապես փոխհատուցման հարցին։

Յուրի Վարդանյանն ապրել է Երևան քաղաքի Բուզանդի 13 հասցեում, որտեղ սեփականության իրավունքով ունեցել է 395.6 քմ մակերեսով տուն և 1,385.6 քմ մակերեսով հողատարածք: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հանրային գերակա շահի անվան տակ Վարդանյանին պատկանող տունն ու հողատարածքը փոխանցվել է պետությանը:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Վարդանյանի սեփականության իրավունքի վերականգնումը հնարավոր չէ, քանի որ օտարված տունը քանդվել է, իսկ հողամասը վաճառվել է երրորդ անձանց: Ուստի, դատարանը վճռել է, որ պետք է տրվի նյութական վնասի հատուցում:

Այս գործն առանձնահատուկ էր նաև նրանով, որ ՄԻԵԴ-ը դեռևս 2016թ. հոկտեմբերի 27-ի վճռով արձանագրել էր, որ Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը (ՄԻԵԴ-ի վճռի տեքստում նշված է որպես judge M.) թույլ է տվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Մկրտումյանը, որպես դատավոր, օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը:

Հայաստանյան իրավապաշտպանները սա աննախադեպ էին համարել՝ նկատելով, որ ՄԻԵԴ-ը հազվադեպ է ընդգծված կարծիք հայտնում կոնկրետ դատավորի մասին:

Թավշյա հեղափոխությունից հետո Արման Մկրտումյանը հրաժարական ներկայացրեց։ Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը նրա նկատմամբ կարգապահական վարույթ այդպես էլ չհարուցեց։