Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների նախաձեռնությամբ նախօրեին եռակողմ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ․ կողմերի տարածած հաղորդագրություններում նշվում է, որ զրույցի հիմնական թեման Ուկրաինան էր: Քննարկվել է, սակայն, նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ու Ղարաբաղյան հիմնահարցը – և այստեղ երեք երկների հաղորդագրություններում արված շեշտադրումները փոքր ինչ տարբերվում են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն, օրինակ, հաղորդել է, որ քննարկված թեմաներից մեկը եղել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Ուշագրավ է, որ ստանդարտ ձևակերպումներից բացի՝ ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում հատուկ շեշտվում է, թե Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ այս գործընթացին «միջազգային որևէ կազմակերպություն կարող է միանալ միայն այն դեպքում, եթե դրան կհամաձայնեն և՛ Երևանը, և՛ Բաքուն»:
Թե ինչ միջազգային կազմակերպության մասին է խոսքը՝ չի հաղորդվում։ Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ զրույցում, ինչպես հայտնի է, առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի բերումով ի հայտ եղած տարաձայնությունները փորձել լուծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: Հայաստանը, որը գրեթե անմիջապես դիմել էր ՀԱՊԿ-ին և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, դեռևս ՄԱԿ չի դիմել։
Ֆրանսիան, որը մինչ այս մի քանի անգամ հստակ բարձրաձայնել է իր դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի տարածքից, նախօրեին ռուս գործընկերոջը տեղեկացրել է, որ պատրաստ է համակարգել իր ջանքերը Ռուսաստանի հետ։
«Նախարար Լը Դրիանը հայտնել է Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը` հնարավոր բոլոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը հասնելու և անցած աշնանը տեղի ունեցած հակամարտությունից բխող հարցերը կարգավորելու ուղղությամբ: Այս համատեքստում, նախարարը վերահաստատել է Ռուսաստանի հետ սերտորեն համագործակցելու ցանկությունը` Մինսկի խմբում`որպես համանախագահ, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում», – ասված է ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունում։
Ֆրանսիական կողմն ընդգծել է նաև, որ «անկախ ադրբեջանական զինուժի՝ ներկայումս զբաղեցրած դիրքերից, տարաձայնությունները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով»: Մինչ այս Փարիզը ավելի միանշանակ էր արտահայտվում՝ պարբերաբար հայտարարելով, որ ադրբեջանական զինվորականները պետք է վերադառնան իրենց ելման դիրքեր։
Գերմանիայի ԱԳՆ-ն այս թեմային առանձնապես չի անդրադարձել։ Նշվել է միայն, որ «նախարարները քննարկել են նաև հայ-ադրբեջանական դեռևս չկարգավորված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ»։
Հիշեցնենք՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ լարվել է մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ: Հայկական կողմը պնդում է, որ դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն են։ Ադրբեջանը, ի հակառակ, հայտարարում է, որ դիրքավորվել է սեփական հողերում։ Քանի որ հայ-ադրբեջանական սահմանը Խորհրդային միության փլուզումից հետո չի սահմանազատվել, միջազգային դերակատարները և հատկապես Ռուսաստանը միջադեպին անդրադառնում են հիմնականում դելիմիտացիայի/դեմարկացիայի անհրաժեշտությունը շեշտող դիրքերից։
Սահմանին պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում․ մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիներական զինվորականները գերեվարել են 6 հայ զինծառայողների:
Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի նախագահին։ Մայիսի 27-ի ԱԽ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանգուցալուծել լարվածությունը՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշելով երկու կողմերի զինված ուժերը և դիմելով Ռուսաստանին կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ նշված տարածքներում միջազգային դիտորդներ տեղակայելու հայցով: Ադրբեջանական կողմն առ այսօր հրապարակային որևէ պատասխան այս առաջարկին չի տվել։