15 գերիներն արդեն Հայաստանում են, Գավառում քարոզարշավի ժամանակ քիչ առաջ հաստատել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերադարձած մարդկանց այս խմբում են Վարդենիսից վերջերս գերեվարված 6 տղաներից 4-ը, Խծաբերդի Հին թաղեր հատվածում գերեվարվածներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում գերի ընկածներ:
Ավելի վաղ պաշտոնյան հայտնել էր, որ 15 հայ գերիներ վերադառնում են Հայաստան։
«Երկու օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանձնարարությամբ ունի առաքելություն այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում: Ես բնականաբար ասացի, որ մենք պատրաստ ենք: Ահա այսօր՝ գործադրված ջանքերի, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի, վրաց մեր եղբայրների, Եվրամիության մեր գործընկերների ջանքերի արդյունքում, մեր եղբայրները եկան Հայաստան: Եվ հիմա կտեղափոխվեն բուժզննության: Անպայման այսօր հարազատների հետ տեսակցություն կապահովենք»,-ասել է Փաշինյանը:
Հայաստանի ղեկավարը հաստատել է նաև, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Աղդամի ականների քարտեզները, նշելով, որ ոչ թե փոխանակում է իրականացրել գերիների հետ, «այլ քայլին քայլով պատասխանել»․
«Նոյեմբերի 9-ից հետո գերիների վերադաձին զուգընթաց որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին: Ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի կերպով Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձը, դիմեց միջազգային ատյաններին՝ ասելով, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզ տրամադրել: Մենք երբեք չենք հրաժարվել: Այդ Ադրբեջանն է դադարեցրել գերիների վերադարձի գործընթացը: Նույնիսկ այդ պայմաններում, երբ Սերգեյ Լավրովը եկել էր Երևան, նույնիսկ Լավրովի հետ եմ որոշակի քարտեզներ ուղարկել Ադրեջանին: Մենք պատրատ ենք այս գործընթացը շարունակել, խնդիր ենք դրել, որ լիարժեք ավարտին հասցնենք մեր գերիների վերադարձի գործընթացը», – նշել է վարչապետի ժ/պ֊ն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հայ ռազմագերիները փոխանցվել են Աղդամի շրջանում հակահետևակային և հակատանկային 97 000 ականների քարտեզների դիմաց։ Փոխանակումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին։ Փոխանակման համար, ըստ Բաքվի հաղորդագրության, միջնորդել էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ինչպես նաև ԱՄՆ, ԵՄ և ԵԱՀԿ մի շարք պաշոնյաներ
Մինչ այս Հայաստան էր վերադարձել 87 (ռազմա)գերի։
Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված պահեստազորայիններից մի մասի նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Խծաբերդում գերեվարվածներից որոշ զինվորներ, սակայն, վերադարձել են Հայաստան։