«Մեր 15 եղբայրները վերադառնում են», – ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ՝ Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտնել էր, որ Բաքվից Հայաստան են վերադառնում 15 գերիներ․
«Նրանք ճանապարհին են: Երբ կլինեն Հայաստանի Հանրապետության տարածքում, դրանից հետո միայն ավելի մանրամասն հայտարարություն կանեմ», – ասել էր Փաշինյանը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հայ ռազմագերիները փոխանցվել են Աղդամի շրջանում հակահետևակային և հակատանկային 97 000 ականների քարտեզների դիմաց։ Փոխանակումը տեղի է ունեցել վրաց-ադրբեջանական սահմանին։
«Մենք այս հումանիտար գործողության իրագործմանն աջակցելու համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Վրաստանի կառավարությանը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ։ Միաժամանակ հատուկ նշում ենք ԱՄն պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նրա տեղակալ Ֆիլիպ Ռիքերի, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի և ԵԱՀԿ շվեդական կողմի ղեկավարի ներդրումն ու միջնորդական դերն այս գործընթացում», – ըստ «Թուրան» գործակալության՝ ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Մինչ այս Հայաստան էր վերադարձել 72 (ռազմա)գերի։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաշվի առնելով վերադարձածներին՝ Եվրադատարանի ուշադրության ներքո է մնում 183 հայ (ռազմա)գերու վերաբերյալ դիմում։ Նրանցից միայն 72-ի առկայությունն էր հաստատվել Ադրբեջանի կողմից։
Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված պահեստազորայիններից մի մասի նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Խծաբերդում գերեվարվածներից մինչ այս միայն 8-ն էր վերադարձել Հայաստան։ Երբ և ինչ հանգամանքներում են գերեվարվել այսօր Երևան վերադարձող զինծառայողները՝ չի նշվում