Home / Հայաստան / Եվս 13 գերիների՝ ևս 6 տարի․ Բաքվի վճիռը

Եվս 13 գերիների՝ ևս 6 տարի․ Բաքվի վճիռը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր 6 տարվա ազատազրկման են դատապարտվել ևս 13 շիրակցի զինծառայողներ, որոնք գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 13-ին՝ Խծաբերդի հատվածից։ Դատավճռի համաձայն՝ «պատժի կրումից հետո նրանք արտաքսվելու են Ադրբեջանից»։

Գերիները մեղավոր են ճանաչվել զենքի «ապօրինի շրջանառության» և «պետական սահմանի ապօրինի հատման» մեջ։ Ընդ որոմ, դատական լսման ժամանակ դատախազը խնդրել է մեղադրանքների ցուցակից հանել «ահաբեկչության» և «ապօրինի խմբավորումների ստեղծման» մասին հոդվածները։

Ազատազրկման դատապարտված գերիներն են՝ Եղիշ Աստանյանը, Կարեն Արամյանը, Տիգրան Ավագյանը, Գրիգոր Գևորգյանը, Հովսեփ Մանուկյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Ռոբերտ Գևորգյանը, Վաղարշակ Ավետիսյանը, Վոլոդյա Հակոբյանը, Անդրանիկ Սուքիասյանը, Անդրանիկ Մանուկյանը, Ֆրիգոր Սաղաթերյանը և Էդուարդ Կիրակոսյանը։

Հիշեցնենք՝ Բաքվում  մինչ այս ազատազրկման էր դատապարտվել Խծաբերդից գերեվարված արդեն 40 հայ զինծառայող։ Նրանցից որոշները, սակայն, հուլիսի  սկզբին վերադարձվել են Երևան՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Մյուսները դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման։