Home / Բանակ / Շիրակցի 13 գերիները դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման

Շիրակցի 13 գերիները դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 6 տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ (ռազմագերիների։ Վերջիններս մեղադրվում են «ահաբեկչության», «պետսահմանն ապօրինի հատելու», «ապօրինի զենք-զինամթերք պահելու» համար։

Ազատազարկման դատապարտված գերիներն են Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լեվան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Խերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։

Զինծառայողները գերեվարվել էին անցյալ տարվա դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց, երբ, իրենց իսկ խոսքով, վերադասի հրամանը կատարելիս փորձել էին նահանջել Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերից։ Այստեղից ընդհանուր առմամբ գերեվարվել էր ավելի քան 60 զինվորական. նրանցից 30-ը վերադարձվել են Հայաստան։ Ինչով է պայմանավորված այս և նախորդ դատավճիռների տարբերությունը’ չի նշվում։

Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին Բաքվում  տեղի է ունեցել Խծաբերդի հատվածում գերեվարված 14 հայ  զինծառայողների դատավարությունը․ նրանցից 2-ը դատապարտվել էին 4 տարվա, իսկ 12-ը՝ 6 ամսվա ազատազրկման։ Հաջորդ օրը՝ հուլիսի 3-ին նույն հատվածից գերեվարված 15 մարդ վերադարձվել էր Երևան, իսկ Հայաստանն Ադրբեջանին էր տրամադրել Ղարաբաղի հարակից շրջանների ականների քարտեզները։ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր, որ վերադարձված գերիների «պատժի ժամկետը լրացել է»։