Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին 30 000 եվրո (ներառյալ՝ ցանկացած հարկ) վճարել 2009 թվականին գերեվարված Արթուր Բադալյանին՝ որպես նյութական վնասի փոխհատուցում։
ՄԻԵԴ որոշման մեջ նշվում է, որ 2009 թվականի մայիսի 9-ին Բադալյանը անհետացել և գերեվարվել է ադրբեջանական ուժերի կողմից: Մինչև 2010 թվականի նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նա գրանցվել է որպես Ադրբեջանում պահվող հայ գերի, նրա գտնվելու վայրը անհայտ է եղել թե ընտանիքի, թե Հայաստանի իշխանությունների համար: 2011 թվականին մարտի 17-ին՝ 22 ամիս անազատության մեջ պահվելուց հետո, նա ազատ է արձակվել՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ տեղի ունեցած գերիների փոխանակման շրջանակներում:
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն այն մասին, որ դիմումատուի հոգեկան լուրջ խնդիրները, որոնք ի հայտ են եկել 2011-ի մարտին կալանքից ազատվելուց անմիջապես հետո, որևէ կերպ կապված չեն կալանքի պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը Բադալյանը ստացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
Բադալյանը ՄԻԵԴ-ին է դիմել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիմքով՝ նշելով, որ ադրբեջանական ուժերի կողմից գերեվարվելուց հետո 22 ամիս գերության մեջ է եղել տարբեր ռազմական հաստատություններում: Բադալյանի պնդմամբ՝ իրեն բավարար քանակությամբ սնունդ չեն տվել և հաճախ թույլ չեն տվել զուգարան գնալ: Ավելին, նա ենթարկվել է դաժան խոշտանգումների և հոգեկան տառապանքի․ հարվածել նրա ոտքերին, որպեսզի չկարողանա զգալ կամ շարժել դրանք, հաճախակի էլեկտրական լարեր են կապել նրա մատերին և հոսանքահարել: Բադալյանի խցի դռանը հարվածել են մետաղական առարկաներով, ինչի արդյունքում նա այժմ ունի լսողության խանգարում:
ՄԻԵԴ-ը միաձայն ընդունել է հայցադիմումը և արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 5-րդ հոդվածի (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում: