Ադրբեջանը, «ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն», մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ճեպազրույցի ընթացքում նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Հարկ է նշել, որ ուժի կիրառումը և զանգվածային ոճրագործությունները չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով, միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Այս համատեքստում կարևոր եմ համարում հիշատակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կոչ են անում կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա ԼՂ հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերման նպատակով առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»,- ասել է Հայաստանի ղեկավարը։
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը անհրաժեշտ է համարել ռազմագերիների վերադարձի ապահովումը, հրաժարումը ագրեսիվ հռետորաբանությունից, տարածաշրջանի ապաշրջափակումը:
Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ն ևս իր հերթին պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման շուրջ երկխոսությանը:
Պաշտոնյան նշել է նաև, որ պետք է հնարավոր լինի արծարծել կարգավիճակի, խաղաղության բանակցությունների հարցը։
«Ուզում եմ ընդգծել, որ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ: Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև, ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար», – նշել է Փաշինյանը։
Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները:
«Ես արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել եմ խաղաղ բանակցություններ սկսելու այս հայտարարությունը՝ ընդծելով, որ Հայաստանը ատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում», – նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը , օգտագործելով համանման ձևակերպումներ, հայտարարել էր․ «Ես բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ են խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ։ Այլ կերպ ասած՝ մենք պատրաստ ենք սկսել այդ աշխատանքը։ Սակայն Հայաստանից որևէ պաշտոնական արձագանք չկա։ Ոչ պաշտոնական խողովակներից ստացված տեղեկություններով՝ Հայաստանը դրան պատրաստ չէ»։ Ալիևը նշել էր նաև, որ սա «մեծ սխալ կլինի» Հայաստանի կողմից։
Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում, ի թիվս այլի, հայտարարել էր, թե, Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ադրբեջանի նպատակն՝, ըստ Փաշինյանի, Հայաստանի շրջափակումը շարունակելն է:
«Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ մեջբերում եմ. «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:
Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների»: Մեջբերման ավարտ։
Ուզում եմ հիշեցնել, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում եւ տարածքային ամբողջականություն», – նշել էր Փաշինյանը։