Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիթորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին.
— Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, և դրանց համակ ուշադրությամբ հետևել է մոնիթորինգի հանձնաժողովը: Այլ համապատասխան կոմիտեների հետ համագործակցությամբ՝ այն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետներին։ Հայաստանից և Ադրբեջանից համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ համատեղ հայտարարություններով:
Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների ազգային ժողովները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան անհրաժեշտ վստահության մթնոլորտի ստեղծման, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև առարկայական խաղաղ բանակցությունների վերսկսման գործում: Հետևաբար,այն ողջունում է եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, սակայն մտահոգություն է հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, Կոմիտեն կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է ուժեղացնեն իրենց համագործակցությունն ու շփումները ՝ նշված տարածքների ականազերծման համար՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով:
Կոմիտեն կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն էր ՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց։ Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 188 հայերի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որպեսզի բոլոր հայ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն ու հանձնվեն Հայաստանի իշխանությունների խնամքին:
Կոմիտեի կարծիքով՝ վերջին բախումների ընթացքում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար և հետևաբար առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունը ու վերանորոգումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը: Հետևաբար, Կոմիտեն լիազորել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև կոնֆլիկտների իր ենթահանձնաժողովին `ավելի մանրամասն ուսումնասիրելու այս երկու հարցերի լուծման համար անհրաժեշտ կոնկրետ մեխանիզմները:
Վերջապես, Կոմիտեն կոչ է անում երկու կողմերին կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային կառույցների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու ու խաղաղ բանակցությունները սկսելու նպատակով։
Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին «Հայ ռազմագերիների և տեղահանված անձանց մասին» հարցն առանձին քվեարկությամբ ընդգրկվել էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նստաշրջանի օրակարգում՝ 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։
Դեմ էին քվեարկել Ադրբեջանի ողջ պատվիրակությունը, մեկական պատվիրակ Հունգարիայից և Սերբիայից, 8 պատվիրակներ Թուրքիայից, ինչպես նաև 5 ռուս պատվիրակներ։ Ռուսաստանի մյուս 7 պատվիրակները ձեռնպահ են քվեարկել, իսկ Թուրքիայի վերջին՝ 9-րդ պատվիրակը կողմ է արտահայտվել։
Մինչ այս Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի։ Հայկական կողմը Եվրադատարան է ուղարկել 250 անձի գերեվարման մասին դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կիրառել է միջանկյալ միջոց։
Ապրիլի 8-ի ուշ երեկոյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից հաստատվել էր, որ առաջիկա ժամերին Բաքվից հայ ռազմագերիների նոր խումբ պետք է ժամանի։ Գերիների և անհետ կորածների ծնողները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում։ Օդանավը, սակայն, ժամանեց առանց ռազմագերիների։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաշվի առնելով վերադարձածներին՝ դատարանի ուշադրության ներքո է մնում 183 անձի վերաբերյալ դիմում։ Նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատվել Ադրբեջանի կողմից։
Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Միևնույն ժամանակ՝ Խծաբերդում գերեվարվածներից 8-ն արդեն վերադարձվել են Հայաստան։