Պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված մարդկանց որոշ դեպքերում հարազատների հետ հեռախոսով կապվելու հնարավորություն է տրվել, «Առաջին Ալիքի» հետ զրույցում ասել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Այդ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Ինչպես գիտեք, շփումների ավանդական ձևը Կարմիր խաչի նամակներն են: Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունների համաձայնությամբ նաև հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հեռախոսազանգերի միջոցով, գործարկել նաև կապի այլ միջոցներ: Զանգերի հնարավորություն, այո՛, տրվել է որոշ դեպքերում»,- նշել է պաշտոնյան։
Ամատունին հավելել է, որ տարածաշրջանում ԿԽՄԿ նոր գրասենյակներ են բացվել, այդ թվում՝ Իջևանում ու Գորիսում։
«Տարածաշրջանի՝ Երևանի, Լեռնային Ղարաբաղի, Բաքվի գրասենյակներում ընդլայնվել է ԿԽՄԿ կազմը, նոր գրասենյակները բացվել են՝ հաշվի առնելով խնդիրները, որոնք կարող են առաջանալ սահմանամերձ համայնքներում։ Տարածաշրջանի համար մեր բյուջեն զգալի աճել է՝ հասնելով այս տարվա համար մոտ 47 միլիոն շվեյցարական ֆրանկի»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ մինչ այս Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի։ Հայկական կողմը Եվրադատարան է ուղարկել 250 անձի գերեվարման մասին դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կիրառել է միջանկյալ միջոց։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաշվի առնելով վերադարձածներին՝ դատարանի ուշադրության ներքո է մնում 183 անձի վերաբերյալ դիմում։ Նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատվել Ադրբեջանի կողմից։
Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Միևնույն ժամանակ՝ Խծաբերդում գերեվարվածներից 8-ն արդեն վերադարձվել են Հայաստան։