Ապրիլի 8-ին գերիների վերադարձի սպասման և ինքնաթիռի դատարկ վերադարձի համար պատասխանատվություն կրելու է Ադրբեջանի նախագահը, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, որ Ալիևը չի կատարում միջազգային հանրության առաջ ստանձնած իր պարտավորությունները։
«ՌԴ նախագահի հետ արձանագրել ենք, որ հարցի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում՝ անիմաստ ու անհեթեթ է այն բանավեճը, թե տվյալ որևէ անձը ռազմագերի՞ է, թե՞ ռազմագերի չէ, քանի որ հայտարարությունը վերաբերում է ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Այսինքն՝ այստեղ ցանկացած կատեգորիայի մարդ, ինչ ձևակերպում էլ տանք, նրանք ենթակա են վերադարձի: Այդ պայմանավորվածությունը պետք է կյանքի կոչվի օր առաջ», – ընդգծել է վարչապետը։
Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դարձնում է քաղաքական շահարկման առարկա, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական ապակայունացում հրահրելու և «որոշ ուժերի համար խոսափող և հարթակ դառնալու համար»։
Հիշեցենք՝ ապրիլի 8-ի ուշ երեկոյան վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից հաստատվել էր, որ առաջիկա ժամերին Բաքվից հայ ռազմագերիների նոր խումբ պետք է ժամանի։ Գերիների և անհետ կորածների ծնողները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում։ Օդանավը, սակայն, ժամանեց առանց ռազմագերիների։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
Մինչ այս Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի։ Հայկական կողմը Եվրադատարան է ուղարկել 250 անձի գերեվարման մասին դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը կիրառել է միջանկյալ միջոց։
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաշվի առնելով վերադարձածներին՝ դատարանի ուշադրության ներքո է մնում 183 անձի վերաբերյալ դիմում։ Նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատվել Ադրբեջանի կողմից։
Թեև կողմերը համաձայնել էին (ռազմա)գերիների փոխանակումը կազմակերպել՝ հիմնվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի վրա, նոյեմբերի 10-ի զինադադարից հետո Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում գերեվարված 62 հայ պահեստազորայինների նկատմամբ ադրբեջանական կողմն այդ սկզբունքը կիրառել հրաժարվում է և հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտ։ Միևնույն ժամանակ՝ Խծաբերդում գերեվարվածներից 8-ն արդեն վերադարձվել են Հայաստան։