Երևանի ավագանին այսօրվա արտահերթ նիստին որոշել է բարձրացնել քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքային միավորների դրույքաչափերը: Որոշումն ընդունվել է 34 «կողմ», 2 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:
Նախագծով բարձրացվում է շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձը։ Ավագանու անդամների փոխհատուցման գումարը, սակայն չի ավելանա։ Նրանք կշարունակեն 68 000 դրամ (սահմանված նվազագույն աշխատավարձը Հայաստանում)։
Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը, ըստ ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանի, կազմում է մոտ 7 մլրդ դրամ:
«․․․Կարևոր է նաև նշել, որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգևավճարի տեսքով՝ փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետև տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ։ Գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին, և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետներ, քանի որ սահմանվել են դեռևս 2011 թվականին», – նշել է Հովհաննիսյանը։
Պաշտոնյան ասել է, որ նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ, իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, ովքեր կկատարեն հավելյալ աշխատանք:
Ընդունված նախագծի համաձայն՝ Քաղաքապետարանի գլխամասի համայնքային ծառայողների աշխատավարձերն բարձրանում է մոտ 38.01 տոկոսով, իսկ՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերնը՝ մոտ 32.46 տոկոսով։ Պարգևավճարների ֆոնդը մոտ 20 անգամ կնվազի՝ այդտեղից 1.8 միլիարդ դրամ կփոխանցվի հիմնական աշխատավարձերի ֆոնդ։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նախագիծը « հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար», սակայն հենց իր աշխատավարձի բարձրացումից նա հրաժարվելու է և նախագծի ընդունման դեպքում ավելացած գումարն ուղղվելու է բարեգործության:
«Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ», – գրել էր Երևանի ղեկավարը։