Ոստիկանությունը հուլիսի 21-ին բերման էր ենթարկել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին և քանդակագործ, կրթահամալիրի ուսուցիչ Վիգեն Ավետիսին։
Կրթահամալիրի մասնաշենքերից մեկի հարևանությամբ գործող համայնքային մանկապարտեզը՝ քաղաքապետարանի թույլտվությամբ և աջակցությամբ, որոշել է պարսպապատել «իր տարածքները»՝ խոչընդոտելով կրթահամալիրի սահների և ուսուցիչների՝ մասնաշենքից մասնաշենք տեղաժարժը։ «Սեբաստացու» տնօրենը կարծում է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հանրային տարածքների ցանկապատումը, որը արհեստական արգելքներ է ստեղծում համայքնում գործող կրթական հաստատությունների աշակերտների և ուսուցիչների, նաև՝ համայքնի բնակչության ազատ տեղաշարժի համար, անթույլատրելի է և չունի որևէ խելամիտ հիմնավորում։
Դեռևս 2015 թվականին կրթահամալիրը՝ պատկան մարմինների հաստատմամբ, մեկնարկել է «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը, որի շրջանակներում, համալիրի սաների և աշխատողների ջանքերով, հաճախ՝ կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցներով, երբեմն՝ պետության աջակցությամբ, խնամվել են ոչ միայն դրա ենթակայությամբ գործող մասնաշենքերին կցված հողատարծքները, այլև հանրային տարածքները, միջդպրոցական անցումները, որոնք անուշադրության մատնված՝ վերածվել էին աղբանոցների։
Հանվել են կրթահամալիրի բոլոր 8 մասնաշենքերը պատող պարիսպները, բարեկարգվել են դպրոցական-մերձդպրոցական տարածքները, ստեղծվել են փոքրիկ խաղահրապարակներ, կանաչ լանջեր, պուրակներ, պտղատու այգիներ, հեծանվային-հետիոտն անցումներ, ներդրվել է ոռոգման ցանց։ Կրթահամալիրի բացօթյան ենթակառուցվածքները ամբողջապես ազատվել են ցանկապատերից, պատնեշներից, խարխլվող հենապատերից՝ հասանելի դարնալով բոլորի, այդ թվում՝ հարևանությամբ գործող թ. 181 հիմնական դպրոցի, թ․ 76, 93, 95 նախադպրոցական հաստատությունների սաների և թաղամասի բնակիչների համար։
Ամիսներ առաջ, սակայն, կրթահամալիրի մասնաշենքերից մեկի հարևանությամբ տեղակայված՝ Երեւանի թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը որոշել կրկին ցանկապատել իր տարածքը։ Կրթահամալիրն ընդդիմացել է․ «սեբաստացիները» կենդանի պատ էին կազմել՝ թույլ չտալով շարունակել շինարարական աշխատանքները։ Նրանք պնդում էին, որ նոր ճաղեր կառուցելու ոչնչով չհիմնավորված որոշումը (տարածքում մեքենաներ չեն անցնում, այն շրջապատված է այլ կրթական հաստատություններով) խոչընդոտելու է աշակերտների տեղաշարժը․ կրթահամալիրի սաները և ուսուցիչները, որպեսզի կարողանան մասնակցել ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներին, մի մասնաշենքից մյուսն են գնում, ճանապարհն անցնում է նշված մանկապարտեզի կողքով, իսկ ցանկապատը ուղղակիորեն փակում է այն։
Կողմերը հասել էին միջանկյալ և բանավոր համաձայնության․ ցանկապատ կլինի, բայց կլինի նաև շուրջօրյա բաց անցում, որից կրթահամալիրի աշակերտները, ուսուցիչները և թաղի բնակիչները կկարողանան անարգել օգտնվել։ Այժմ այդ պայմանավորվածությունը, ըստ «սեբաստացիների», խախտվում է։
Կրթահամալիրի ուսուցիչներն ու աշակերտներն հուլիսի 21-ին եկել էին ապագա ցանկապատի անհրաժեշտությունը հարցադրելու և իրենց անհամաձայնությունը հայտնելու։ Տարածք էին ժամանել նաև մեծաթիվ ոստիկաններ, ՏԻՄ ներկայացուցիչներ։ Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և քանդակի ուսուցիչ Վիգեն Ավետիսը բերման էին ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմնավորմամբ։
Մանկավարժների «ձերբակալությունից» հետո խնդրին անդրադարձել էր փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը՝ պնդելով, թե «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանը պաշտպանում է «սեփական կամ կորպորատիվ շահը»։ Վիրաբյանը՝ վկայակոչելով համապատասխան ենթաօրենսդրական ակտերը, նշել է, որ «երեխաների անվտանգության նկատառումով» նախակրթական հաստատության տարածքը, այնուամենայնիվ, ցանկապատվելու է։ Փոխքաղաքապետը վստահեցրել է, որ ցանկապատումը կարվի «սեբաստացիների» հետ համաձայնեցված ուրվագծով, այսինքն՝ կլինի «տարածքի ընդհանրականությունն ապահովող անցում»:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մեզ հետ հարցազրույցում բացատրում է՝ ինչու է ցանկապատի խնդիրը կարևոր, ինչու են իրենք ընդդիմանում պարսպապատման քաղաքականությանը և ինչ հարցերի տեղիք է տալիս քաղաքապետարանի և մասնավորապես փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի արձագանքը։