Ղազախստանում ավարտվել է բողոքի (արդեն) զանգվածային ակցիաների 4-րդ օրը։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ խնդրելով աջակցել «ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու» հարցում։ ՀԱՊԿ-ը խոստացել է «սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր»։ Ինտերնետը երկրով մեկ նախ անջատվել, իսկ հետո՝ որոշ շրջաններում մասնակիորեն վերականգնվել է։ Տեղեկատվական բլոկադայի պատճառով ինֆորմացիոն պատկերը մեծապես հիմնվում է ԶԼՄ-ների առանձին հաղորդումների և սոցցանցերում տարածվող կարճ տեսանյութերի վրա։ Ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը։ Փակվել է նաև Ակտաուինը։ Ղազախստանի առաջին և արդեն նախկին նախագահ, երկրում քաղաքականապես ամենաազդեցիկ մարդը համարվող Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է ներկայացրել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Ներկայիս նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ստանձնելու է այդ պաշտոնը և այսօրվանից գործելու է «մաքսիմալ կոշտ» և գնալ ռեֆորմների։
Կառավարության հրաժարականից հետո հրաժարական է տալիս Նազարբաևը։ Տոկաև դիմում է ՀԱՊԿ-ին
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է ներկայացրել ԱԽ քարտուղարի պաշտոնից, որը ստանձնել էր 2019 թվականի մարտին՝ նախագահի պաշտոնն անակնկալ թողնելուց հետո։ Նազարբաևի շուրջ 30 տարվա կառավարումից հետո երկրի ղեկավարումը ստանձնել էր նրա կողմից ընտրված Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Տոկաևն այսօր հայտարարել է, որ ինքը Նազարբաևին կփոխարինի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնում։ Նախագահը խոստացել է բոլոր դեպքերում մնալ Ղազախստանի մայրաքաղաքում, լինել «մաքսիմալ կոշտ» և գնալ բարեփոխումների։ Ժամեր անց, Տոկաևը ցոցարարներին «ահաբեկչական բանդաներ» է անվանել և դիմել ՀԱՊԿ երկրներին՝ խնդրելով «օգնություն ցուցաբերել Ղազախստանին՝ ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու հարցում»։
Տոկաևն իր դիմումի մեջ հայտարարել է, որ «ահաբեկիչները» գրավել են [Ալմաթիի] օդանավակայանն ու 5 ինքնաթիռ, և որ «համառ պայքար» է գնում ՊՆ օդային-դեսանտային ստորաբաժանումների և «ահաբեկչական բանդաների» միջև։ Այս «բանդաները», նախագահի համոզմամբ, «լուրջ վերապատրաստում են անցել արտերկրում»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը դիմումին չի ուշացել։ Վերջինս հայտարարել է Տոկաևի հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցի մասին և հավելել «․․․որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»։
Փաշինյանն ավելի ուշ գրել է․
«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։
Ցուցարարները գրավել են Ալմաթիի օդանավակայանը, փակել Ակտաուինը։
Ալմաթիում ցուցարարները գրավել են Ազգային Անվտանգության Կոմիտեի բաժանմունքը, որից հետո ԱԱԿ ղեկավար Կարիմ Մասիմովը նախագահի հրամանով ազատվել է պաշտոնից։ Նրան փոխարինելու է Երմեկ Սագիմբաևը։ Բացի այդ, Տոկաև փոխել է Պետանվտանգության ծառայության պետին՝ այդ պաշտոնում նշանակելով Սակեն Իսաբեկովին։
https://twitter.com/lipschz/status/1478814604293718021
Ավելի վաղ ցուցարարները գրոհել և կրակի էին տվել Ալմաթիի քաղաքապետարանի, դատախազության, իշխող «Նոր-Ուտան» կուսակցության շենքերը, ինչպես նաև նախկին նախագահական նստավայրը, իսկ հետո իրենց հսկողության տակ էին առել օդանավակայանը և մի քանի ինքնաթիռներ։ Ալմաթիի այսօրվա բոլոր չվերթները չեղարկվել են, այդ թվում՝ Ռուսաստանից, Բելառուսից և Ադրբեջանից։ Փակվել է նաև Ակտաուի օդանավակայանը։
https://twitter.com/ivan_8848/status/1478810056091213828
Ալմաթիի օդանավակայանը, ըստ պետական ԶԼՄ-ների, արդեն անցել է իշխանությունների վերահսկողությանը։
Ցուցարարները գրոհել են նաև ղազախական Мир24 և, ըստ Orda․kz-ի, Казахстан հեռուստաընկերությունների շենքեր, ջարդուփշուր արել թվային տեխնիկան։ Որոշ տեղեկություններով՝ ցուցարարները ուղիղ եթեր են պահանջել, սակայն Мир24-ի ղեկավար Ռադիկ Բատիրշինը հերքել է այս հաղորդումները։
Բողոքի ցույց անողները, ըստ Медиазона-ի, բարիկադներ են դրել Ալմաթիի կենտրոնում, ներխուժել մի շարք խանութներ և առևտրի կենտրոններ։ Ուժայինները, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կիրառել քաղաքի փողոցներում։ Իսկ Ալմաթիից ոչ հեռու գտնվող Տալդիկորգանում մարդիկ պատվանդանից ցած են շպրտել Նուրսուլթան Նազարբաևի արձանը։
https://twitter.com/epressam/status/1478744984610349056
Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հաորդել է Ոստիկանության և Զինուժերի շրջանում 8 զոհի և 317 վիրավորի մասին։
Ցուցարարների շրջանում վիրավորների մասին ևս հաղորդվում է, բայց հստակ թվեր չկան։
Երկրի իշխանությունները քիչ առաջ նաև «հակաահաբեկչական հատուկ գործողություններ» են սկսել Ալմաթիում։ Քաղաքով մեկ կրակոցների ձայներ են լսվում։
Ցույցերին միացել են նաև Мангистаумунайгаза նավթարդյունահանող ընկերության մի խումբ աշխատողներ
Մանգիստաուի մարզում, հիշեցնենք, սկիզբ էին առել ցույցերը՝ գազի գնի թանկացման պատճառով։ Մարզը հայտնի է նավթի հարուստ պաշարներով։ Ավելի վաղ գործադուլ էին հայտարարել Բալխաշի մետալուրգիական գործարանները, ինչպես նաև մի շարք այլ նավթագազային գործարանների աշխատողներ։
Ղազախստանում հունվարի 2-ից մեկնարկած բողոքի ցույցերը, հիշեցնենք, ի սկզբանե հեղուկ գազի թանկացման դեմ էին, սկսվել էին Ժանաոզենում, այնուհետև՝ տարածվել Մանգիստաուի ողջ մարզով ու երկրի այլ քաղաքներով՝ հասնելով մինչև նախկին մայրաքաղաք Ալմաթի։ Գազի գնի իջեցման պահանջներն իրենց տեղը զիջեցին Նազարբաևի, Տոկաևի՝ իշխող ռեժիմի հեռացման կոչերին։ Հունվարի 4-5-ի գիշերը ոստիկանները դիմեցին հատուկ միջոցի, Ալմաթիում սկսվեցին առաջին բախումները։ Հետագայում իրավիճակը սրվեց։
Պրոտեստը առաջնորդներ ի սկզբանե էլ չուներ։ Առաջնորդների բացակայությունը ցուցարարներին զրկում էր նաև իշխանությունների հետ բանակցելու, միասնական պահանջներ ձևակերպելու, շարժման անունից հայտարարություններ անելու հնարավորությունից։ Մի պահ բանակցողի դերին հավակնում էր Ղազախստանի նախկին վարչապետ Ակեժան Կաժեգալդինն է, ով լքել է երկիրը դեռևս նախորդ դարի վերջում. նախագահի թեկնածություն առաջադրելուց անմիջապես հետո հայտնվել է մեղադրյալի աթոռին, 1998-ից ի վեր հետախուզման մեջ է։ Չնայած Կաժեգալդինն արդեն պատրաստակամություն է հայտնել «ներկայիս տեխնոլոգիական մեթոդներով» բանակցել իշխանությունների հետ, դրա մանդատը նա դեռ չունի, իսկ Ղազախստանի փողոցներում առաջնորդներ չեն նշմարվում։
2019-ից հետո երկրում արտառոց իրավիճակ է ստեղծվել. թեև 2019 թվականի մարտից Ղազախստանը դե ֆակտո ղեկավարում էր արդեն Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, նախորդ (և մինչ այդ՝ միակ) նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շարունակում էր մնալ Ղազախստանի ամենաազդեցիկ քաղգործիչը։ Իշխանության «տրանսֆերը» շատերը մեկնաբանում էին որպես երկիշխանության հաստատում։