Ղազախստանի նախագահը սկսել է ճարպկորեն ոլորել Նազարբաևի կլանի գլուխները։ Այնքան ճարպկորեն, որ դա հարցեր է առաջացնում։ Ոչ ոք չէր կարող մտածել, որ իրենց պաշտոններից դուրս կթռնեն միաժամանակ Նազարբաևի բոլոր ազգականները։
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքը վերածվեց նվաստացվածների և ճնշվածների։ Հանրապետության պատմության մեջ ամենազանգվածային ցույցերից հետո, որոնց հաջորդեցին հարյուրավոր զոհերով (անգամ պաշտոնական տեղեկություններով՝ 225 մարդ է զոհվել) ուղեկցվող անկարգությունները, հունվարի 11-ին պետության այժմյան նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ազդարարեց կուլակաթափության դարաշրջանի սկիզբը։
Ճիշտ է՝ ի սկզբանե նա ընտրել էր մաքսիմալ լղոզված ձևակերպումներ․
— Շատ բաներ երկրում պատկանում են «ֆինանսա-արդյունաբերական խմբերին»;
— «Մենք բոլորս գիտենք նրանց ազգանունները»;
— Ահա նոր հիմնադրամը, ուր առանց ամաչելու պետք է փող գցվեն «անգամ միջազգային չափանիշներով հարուստ» համարվող մարդիկ, որոնք կարողություններ են դիզել ելբասիի օրոք։
Խորհրդարանում Տոկաևի ելույթը կողքից շատ կոմպրոմիսային էր թվում․ մենք անուններ չենք տալիս և առաջարկում ենք նրանց, ովքեր, հավանաբար, փոխկապակցված են անկարգությունների կազմակերպման հետ, պահպանել դեմքն ու նույնիսկ կապիտալի մի մասը։
Ընդորում, անմիջապես ցուցադրվեց նաև ախորժակը․ հարվածի տակ հայտնվեցին Նազարբաևի․
— կրտսեր դստեր Ալիյան (վերանայվեց ուտիլիզացման վճարների համակարգը, որում գերիշխում էր նրա կողմից վերահսկվող օպերատորը),
— եղբայր Բոլատը (ստուգումներ Ղազախստանի և Չինաստանի միջև «Խորգոս» մաքսակետում),
—ավագ թոռ Նուրալի Ալիևը (մայրաքաղաքում թեթև-ռելսային վերգետնյա մետրոյի նրա նախագիծը),
— եղբորորդիները (բարեփոխումներ Ազգային անվտանգության կոմիտեում)։
Բայց ոչ ոք մտածել անգամ չէր կարող, որ իրենց պաշտոններից դուրս կթռնեն միաժամանակ բոլորը։
Երեք օրվա ընթացքում պաշտոնանկ արվեցին Նազարբաևի երեք փեսաները։
Միլիարդատեր Թիմուր Կուլիբաևը դեռևս ամենաքիչն է տուժել․ նա հեռացավ (ինչպես ընդունված է՝ հոժարակամ) «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի պաշտոնից։
Մյուս երկուսը՝ գործարար, «Կազտրանսգազի» ղեկավար Կայրատ Շարիպբաևը և «Կազտրանսօյլի» գլխավոր տնօրեն Դիմաշ Դոսաևը, պաշտոնանկ արվեցին միաժամանակ, և խորհդարանի պատգամավորներն իրենց թույլ տվեցին հրապարակավ խոսել «նախագահի ծրագրի» համաձայն «տնտեսության ապաօլիգարխացման» մեկնարկի մասին։
Ամենաերկարը դիմադրում էր Նազարբաևի զարմիկ Սամաթ Աբիշը, որի ճակատագիրն արդեն համեմատում են երիցուկի թերթիկներով գուշակության հետ։
Նախնական տեղեկություններով՝ Ազգային անվտանգության կոմիտեի փոխղեկավարի պաշտոնից նրան հանեցին դեռ հունվարի 5-ին։ Հետո սկսվեցին նրա կարգավիճակի շուրջ հրապարակային խաղերը։ Մեկ նա մնացել էր իր պաշտոնին (ուղղակի հիմա երկու առաջին տեղակալ կա), մեկ իրականացնում էր իր գործառույթները, մեկ գնացել էր արձակուրդի, իսկ հիմա այնուամենայնիվ հեռացվել է։ Պաշտոնապես՝ դեռևս ազատության մեջ է․ ասեկոսեները, որ նրան ձերբակալել են, շրջանառվում էին դեռևս հունվարի 7-ին, ինչը նախկինում ամենազոր Կոմիտեին ստիպել էր անգամ արդարանալ և բացատրություններ տալ։
Տեսականորեն Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի համար ամեն կոնկրետ դեպքում ոչ մի վախենալու բան տեղի չի ունեցել․ պաշտոնանկությունները կապիտալի ավտոմատ բռնագրավում չեն ենթադրում։
Բայց սա կլանի համար չափազանց սարսափելի դինամիկա է․ քիչ չէ՝ նախագահ Տոկաևը հրապարակավ որևէ կերպ չի գնահատում տեղի ունեցածում ավագ Նազարբաևի դերը (ելբասիին նախագահի հետ նույն հարթության վրա դնելու բոլոր փորձերը միայն իր՝ Նազարբաևի ապարատից են ելնում), մի հատ էլ ժամանակակից Ղազախստանի հիմնադրի մերձավոր ազգականների վրա հսկայական տեղեկատվական ճնշում է գործադրվում։
— Նազարբաևի ավագ դուստր Դարիգան խորհրդարանում չի երևում։ Սա իսկույն սկսեցին թմբկահարել բոլոր ԶԼՄ-ները։ (Պաշտոնապես նա քովիդ ունի)։
— Կրտսեր դուստր Ալիյան ինստագրամում գրեց, որ իր հորն աջակցում են մարդիկ և շնորհակալություն հայտնեց դրա համար: Լրագրողները իսկույն պարզեցին, որ գրառումն արվել է Արաբական Միացյալ Էմիրություններից․ էջը ստիպված եղան ամբողջությամբ ջնջել։
Մինչև 2022 թվականը ամեհզոր ղազախստանյան ընտանիքի մյուս քայլերն էլ են անմիջապես հրապարակային դառնում։ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» պարզեց, ուր և ինչպես է Նուրսուլթան Նազարբաևը գնացել հունվարի սկզբին։ Ղրղզ լրագրողները որսում էին նրա եղբորը, ում ինքնաթիռները Բիշքեկից չվում էին Դուբայ․․․
Չնայած Նազարբաևների կլանի նկատմամբ ամբողջ այս ճնշումը նպատակաուղղվածի տպավորություն է թողնում, նրանց կարեկցելը բավականին բարդ է։ Այնուամենայնիվ, ելբասիի ազգականների պաշտոնանկությունների սաստկացող արագությունը հարցեր չառաջացնել չի կարող։ Առանքայինները երեքն են։
Նախ՝ արդյո՞ք քաղաքական և տնտեսական կյանքից ազգականներին հանելու գործընթացը ենթադրում է, որ էլիտայի ներսում բանակցությունները տապալվել են։ Թե՞ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հաջողվել է բանակցային կշեռքն այնպես թեքել, որ նա ի զորու է դարձել վերցնել համարյա ամեն ինչ (այդ թվում՝ բարի համբավը․ առանց նրա թույլտվության ոչ ոք չի համարձակվում ինչ-որ լավ բան ասել Նազարբաևի մասին)՝ դրա դիմաց գրեթե ոչինչ չառաջարկելով։ Եթե այո, առանցքային է դառնում հարցը՝ նման գերակշռության համար բանակցային ո՞ր արգումենտն է որոշիչ դարձել։
Երկրորդը․ այնուամենայնիվ որտե՞ղ և ի՞նչ վիճակում է Նազարբաևը։ Հնչում են տրամագծորեն հակադիր վարկածներ․ նա ողջ է և ապրում է մայրաքաղաքում, նա վաղուց մեռել է, նա անգործունակ է, նա բանակցույթուններ է վարում ուրիշ նախագահների և կապի մեջ է Տոկաևի հետ։ Ելբասիի ագրեգատային վիճակից կախված է նաև նրա ազգականների նկատմամբ հետագա ճնշման աստիճանը։ Ինչպես ենթադրվում էր՝ Նազարբարևի կարգավիճակի ցանկացած վատթարացում կարգավիճակից է զրկում նաև նրա մերձավորներին։ Չէ՞ որ հարցը հեշտությամբ լուծվող է․ բավական է Նազարբաևին եթերով ցույց տալ, թող նա մի քանի բառ ասի (պարտադիր չէ անգամ ձեռքում թարմ թերթ ունենալ): Բայց ցույց չեն տալիս․․․ [Հոդվածի հրապարակումից հետո Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել տեսուղերձով, որում, ի թիվս այլի, հավաստիացրել է՝ էլիտաների ներսում տարաձայնություններ չկան – խմբ․]
Երրորդը՝ նազարբաևյան կադրերի ջարդը ցանկացած պահ կարող է դադարել, բայց փաստը, որ այն սկսվել էր, երբ անկարգություններից հետո դեռ ոչ բոլոր մարդկային կորուստներն էին հաշվված, նշանակում է փաստացի ընդունել՝ «արտաքին ահաբեկչական հարձակման» վարկածը երկու ոտքով կաղում է․․․
Հանրությանն առ այսօր չի ներկայացվել արտաքին միջամտության որևէ համոզիչ ապացույց, հարձակվողների թիվը անընդհատ փոխվում է, Ղազախստանից ՀԱՊԿ զորախմբի հեռացումից հետո ինքը՝ նախագահ Տոկարը, որոշակիորեն դիստանցավորվել է մանրամասներից դետալացումից՝ դեռևս, ճիշտ է, չհերքելով միջազգային ահաբեկիչների հարձակման կոնցեպտն ինքնին։
Այս կապակցությամբ շատ հետաքրքական է թվում այն, թե ինչպես են ի վերջո ակնառու ներէլիտային «հարաբերությունների պարզումը» կապվելու պաշտոնական քննության եզրակացությունների հետ և ինչպես են դրանք վերափոխվելու Նազարբաևի մերձավորներից որևէ մեկի հերթական հեռացման ազդեցության ներքո։
Եվ անկախ նրանից՝ ինչ հանգուցալուծում կստանա այս պատմությունը, ամենագլխավոր դասն ավտոկրատներին Տոկաևն արդեն տվել է․ «ազգի հորը» փոխարինող նախագահը միշտ մեղավոր է հանելու իրեն նախորդողին՝ անկախ նրանից, թե ինչ գովերգություններ են մինչ այդ արվել։
Դասը բավականին բանալ է, բայց Ղազախստանի որոշ հարևաններ առաջին անգամ իրենց աչքով տեսան, թե ինչպես է սա աշխատում։ Վախենալու է անգամ պատկերացնել, թե ինչ հետևություններ են նրանք անելու։
Վյաչեսլավ Պոլովինկո
ռուսերեն բնագիրը՝ «Новая газета»