Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեռ հունվարի 8-ին հայտարարում էր, որ Ալմաթիում «ահաբեկչական հարձակումների առնվազն վեց ալիք» է իրականացվել, որոնց մասնակցել է «20 հազար գրոհային»։ «Ահաբեկիչների հետ ոչ մի խոսակցություն [չի կարող լինել], մենք պետք է նրանց սպանենք», – ամփոփել էր Տոկաևը։ 20 հազար «ահաբեկիչների» մասին արտառոց թվիթը մի քանի ժամ հետո ջնջվել էր: «Հակաահաբեկչական օպերացիան» (որի շրջանակներում նախագահի կանչով Ղազախստան է ժամանել նաև ՀԱՊԿ հավաքական զորախումբը), սակայն, շարունակվում է․ թե քանի մարդ է սպանվել՝ առ այսօր ստույգ հայտնի չէ։
Ո՞ւմ են անվանում «ահաբեկիչ»
Ում են անվանում «ահաբեկիչ»՝ մինչև վերջ պարզ չէ։
Ղազախստանում տեղի ունեցածը Տոկաևը «ահաբեկչական պատերազմ» է որակում։ Այդ պատերազմին, ըստ նրա, զոհ են գնացել նաև «ուժայինները և խաղաղ բնակիչները»։ Երկրի ՆԳՆ-ն հայտնել էր իրավապահների շրջանում 16 զոհերի մասին։ Քանի «խաղաղ բնակիչ» է սպանվել՝ մինչ այժմ չի նշվում (Ղազախստանի ԱՆ-ն հայտնել էր, որ զոհերի թիվը մոտեցել է 164-ի, ավելի ուշ՝ հերքել սեփական հայտարարությունը՝ վիճակագրության հրապարակումը անվանելով տեխնիկական սխալ)։ Տոկաևը հավաստիացնում է, թե «թվերը ճշտվում են»։
ՀԱՊԿ այսօրվա նիստին Ղազախստանի նախագահը հայտարարում էր, թե տարեսկզբին մեկնարկած բոլոր իրադարձությունները մեկ շղթայի օղակ էին․ «Ղազախստանի նկատմամբ հարձակման կազմակերպիչները ագրեսիայի մի քանի ալիք են իրագործել: Առաջին փուլում խաղաղ ցույցեր տեղի ունեցան, այնուհետև, մասնավորապես Ալմաթիում, քաղաքական հանրահավաքներ եղան, հետո՝ երեք ուղղություններից, ասես բորենիների հսկայական ոհմակ, քաղաք մտան զինված գրոհայինները։ Սկզբից նրանք ներկայանում էին որպես խաղաղ ցուցարարներ՝ մոլորեցնելով իրավապահ ուժերին և անգամ քաղաքի բնակիչներին, իսկ հետո սկսվեց այն, ինչ պատմության մեջ, հավանաբար, կմնա որպես Ալմաթիի ողբերգություն»։
ՀԱՊԿ կանոնադրությունը, ըստ նրա, ճանաչում է «արտաքին զինված հարձակման դեպքում անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության՝ ամեն ազգի անօտարելի իրավունքը»։ Ավելի քան 2 հազար զինվորականներից բաղկացած հավաքական զորախումբը, այսինքն, Ղազախստան է ժամանել ոչ թե ներպետական խնդիրների, այլ «արտաքին զինված հարձակման» բերումով։
Ո՞վ է հարձակվել Ղազախստանի վրա՝ պարզ չէ։
Չնայած պաշտոնական Նուր-Սուլթանը պարբերաբար հայտարարում է, թե Ղազախստանում տեղի ունեցած խաղաղ ցույցերը, հետագա բախումները և անկարգությունները արտաքին ագրեսիայի մաս էին, որևէ ծանրակշիռ ապացույց մինչ օրս չի ներկայացվել։
Տոկաևը խոստանում է, թե «առաջիկայում՝ նախաքննության ավարտից հետո, միջազգային հանրության դատին կներկայացվեն մեր երկրի դեմ ահաբեկչական ագրեսիայի նախապատրաստման և իրագործման հավելյալ ապացույցներ»։ Թեև ապացույցներ դեռ չկան, ՀԱՊԿ զորախումբն արդեն Ղազախստանում է։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սա «լավ նախադեպ» է անվանում։
200 դոլարանոց ահաբեկիչը
Մինչ Ղազախստանի իշխանությունները անկախ ԶԼՄ-ներին մեղադրում են «կեղծիքներ» տարածելու և անգամ «հանցակցելու» մեջ՝ պետական Qazaqstan և Хабар 24 հեռուստաալիքները հրապարակում են «օտարերկրյա ահաբեկչի» խոստովանական տեսանյութը։ Հետագայում պարզվում է, որ տեսանյութում պատկերված մարդը հայտնի ղրղզ երաժիշտ Վիկրամ Ռուզախունովն է։ Պետական հեռուստաալիքները այն անմիջապես ջնջում են։
Հիշյալ տեսանյութում ծեծված տղամարդը պատմում է, իբր հունվարի 1-ին իր հետ կապ են հաստատել «անհայտ անձինք», որոնք 90 000 տենգեի (մոտ 206 ԱՄՆ դոլար) դիմաց առաջարկել են մասնակցել բողոքի ցույցերին։ Այդ «անհայտ անձինք», իբր, վճարել են դեպի Ալմաթի թռիչքի իր տոմսն ու Տաջիկստանի ու Ուզբեկստանի այլ քաղաքացիների հետ տեղավորել իրեն ինչ-որ բնակարանում։ Ցույցերին մասնակցելու իր համաձայնությունը տեսանյութում տղամարդը բացատրում է նրանով, որ «գործազուրկ է»։
Ավելի ուշ ղրղզական լրատվամիջոցները գրում են, որ տեսանյութում դաշնակահար, Բիշքեկի ջազային նվագախմբի ղեկավար Վիկրամ Ռուզախունովն է, որը հյուրախաղերին հանդես գալու համար հաճախ է մեկնում Ալմաթի։ Նրան ճանաչել են նաև գործընկերները ու հարազատները՝ քույրը, մայրը։
Ղրղզստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, հղում անելով Ռուզախունովի բարեկամներին, գրել է, որ երաժիշտն իսկապես հունվարի 2-ի երեկոյան մեկնել էր Ղազախստան՝ «համերգային ծրագիր անցկացնելու նպատակով»։ Դեպի Ալմաթի ավիատոմսը գնվել է դեռ դեկտեմբերի 16-ին։ Գերատեսչությունը հաստատել է, որ ավելի վաղ Ռուզախունովը Ղազախստան է մեկնել միայն համերգների անցկացման և երաժշտական փառատոններին մասնակցելու համար։ Ղրղզստանի ՆԳՆ-ն ստուգումներ է անցկացնում Ռուզախունովի ձերբակալության փաստով։
Տեսանյութը հեռուստաալիքների էջերից ջնջվել է։
Քիչ առաջ vb.kg և ТАСС գործակալությունները՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրել են, որ Ղազախստանի իշխանությունները ազատ են արձակել Ռուզախունովն․ նրան տեղափոխում են Ղրղզստան։
Ղազախստանում հունվարի 2-ից մեկնարկած ինքնաբուխ բողոքի ցույցերը ի սկզբանե հեղուկ գազի թանկացման դեմ էին, սկսվել էին Ժանաոզենում, այնուհետև՝ տարածվել Մանգիստաուի ողջ մարզով ու երկրի այլ քաղաքներով։ Խոշոր բողոքի ցույցեր էին սկսվել նաև նախկին մայրաքաղաք Ալմաթիում։ Գազի գնի իջեցման պահանջներն արդեն հունվարի 4-ին իրենց տեղը զիջել էին Նազարբաևի, Տոկաևի՝ իշխող ռեժիմի հեռացման կոչերին։ Հունվարի 4-5-ի գիշերը ոստիկանները դիմեցին հատուկ միջոցների․ Ալմաթիում սկսվեցին առաջին բախումները։ Հետագայում իրավիճակը սրվեց։
Անկախ փորձագետների խոսքով՝ արդեն հունվարի 5-ին քաղաքում հայտնվել էին զինված խմբեր՝ մարդիկ, որոնք ցուցարարների հետ կապ առհասարակ չունեին․ կազմակերպված անկարգությունները և թալանը հաջորդեցին նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի (1990-ից մինչև 2019-ը անընդմեջ նախագահ է եղել, 2019-ին հրաժարական է ներկայացրել և դարձել ԱԽ քարտուղար) բարեկամներից մեկի՝ Ազգային անվտագության կոմիտեի փոխնախագահի պաշտոնանկությանը, ուժայինները շտուրմի անցան նույն Կոմիտեի (Նազարբաևին մտերիմ) ղեկավարի պաշտոնանկությունից հետո միայն (ավելի մանրամասն՝ այստեղ)։
Նույն օրը՝ հունվարի 5-ի երեկոյան, Տոկաևը հայտարարեց «հակաահաբեկչական օպերացիա» սկսելու մասին և դիմեց ՀԱՊԿ-ին։ Ժամեր անց ՀԱՊԿ-ը հաստատեց, որ հավաքական խաղաղապահ զորախումբ է ուղարկում Ղազախստան։ Զորախումը ներառում է ավելի քան 2000 զինվորական, նրանցից 100-ը՝ Հայաստանից։