Ղազախստանում ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օրից կսկսվի կազմակերպության զորքերի դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ այսօր ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում: Այդ գործընթացը, ըստ նրա, կտևի 10 օրից ոչ ավելի։
Ղազախստանի ղեկավարը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի ձախողման մասին և քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ է խոստացել ներկայացնել։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ զինյալները փորձել են զավթել իշխանությունը, սակայն հեղաշրջման փորձը ձախողվել է։ Տոկաևի հավաստմամբ՝ երկրի բոլոր մարզերում իրավիճակն այժմ կայուն է։
ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հունվարի 6-ին են սկսել առաջադրանքներ կատարել Ղազախստանում: Այդ երկրի իշխանությունները օգնություն էին խնդրել կազմակերպությանից մեկ օր առաջ։
ՀԱՊԿ խաղաղապահների համար այս օպերացիան պատմության մեջ առաջինն էր, մինչ այդ նրանք միայն զորավարժություններ էին անցկացնում։
Ղազախստանում զանգվածային անկարգությունները սկսվել են հունվարի 1-ից, երբ ուժի մեջ է մտել հեղուկ գազը ավելի քան կրկնակի թանկացնելու որոշումը: Հետագայում կառավարությունը չեղարկեց որոշումը, սակայն զանգվածային բողոքները շարունակվեցին: Երկու շաբաթով երկրի տարածքում արտակարգ դրություն մտցվեց, կառավարությունը պաշտոնանկ արվեց, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում փոխարինեց երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Նախորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույցերը վերաճեցին զինված բախումների, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ վիրավորվեցին։