Home / Բանակ / Բոսնիան՝ պատերազմի եզրին․ ցույցեր Եվրոպայում և Ամերիկայում

Բոսնիան՝ պատերազմի եզրին․ ցույցեր Եվրոպայում և Ամերիկայում

Երեկ 14 երկրների 35 քաղաքներում՝ ներառյալ Սարաևոյում, Պոդգորիցայում, Հռոմում, Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Յորքում և Վաշինգտոնում մարդիկ դուրս էին եկել ցույցերի ու հանրահավաքների՝ պահանջելով միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել՝ կանխելու Բոսնիայի փլուզումը:

Բոսնիա և Հերցոգովինայի Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը և սերբերը սպառնում են անջատվել Բոսնիայից, ինչը կարող է վերսկսել 90-ականներին կանգնեցված էթնիկ զտումներն ու զինված բախումները։

«Սերբական հանրապետության անջատումը պարգև է սերբերին՝ բոսնիացիների էթնիկ զտումների և ցեղասպանության համար: Մենք վախենում ենք, որ երկիրը վերադառնում է պառակտումների և հակամարտությունների ժամանակներին։ Ցուցարարները ցանկանում են, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ն գործեն ժամանակին, կանխարգելիչ կերպով, ոչ թե ռեակտիվ, ինչպես եղավ 1990-ականներին» – հայտարարել է Նիդեռլանդներում հանրահավաքը կազմակերպած Բոսնիա և Հերցեգովինայի հարթակը (BIH Platform):

Հունվարի 9-ին, անտեսելով բարձրագույն դատարանի արգելքը և ԱՄՆ պատժամիջոցները, որոնք անցյալ շաբաթ կիրառվել էին Միլորադ Դոդիկի նկատմամբ, Բոսնիայի սերբերը ազգայնական տոնակատարություններ անցկացրեցին։ Ոստիկանական զորքերի շքերթով սերբերը նշեցին ինքնավար Սերբական Հանրապետության անկախության օրը։

Հարավսլավիայի կազմալուծման մեկնարկից հետո՝ 1992 թվականի հունվարի 9-ին, Բոսնիայի սերբական շրջանները անկախություն հռչակեցին Սարաևոյից, ինչը սկիզբ դրեց քաղաքացիական պատերազմի, սերբական բանակի կողմից ոչ սերբ բնակչության զտումների։ 1995-ին կնքվեց Դեյթոնյան խաղաղության պայմանագիրը, որի համաձայն՝ Բոսնիան կազմված է երկու վարչական միավորներից՝ Սերբական Հանրապետությունից և Խորվաթա-մահմեդական դաշնությունից։ Երկու կազմավորումներն էլ օժտված են ինքնավարությամբ՝ բացառությամբ սեփական բանակ ունենալուց և ինքնուրույն հարկահանություն իրականացնելուց։

Մեկ ամիս առաջ Սերբական Հանրապետության խորհրդարանը Միլորադ Դոդիկի գլխավորությամբ ընդունեց մի շարք օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս Սերբիայի կազմավորմանը դուրս գալ երեք հիմնական պետական ինստիտուտներից՝ զինված ուժերից, բարձրագույն դատական մարմնից և հարկային վարչարարությունից:

Դոդիկը պնդում է, որ «սա անջատում չէ» և «պատերազմի հեռանկար չկա», միևնույն ժամանակ հայտնելով լրատվամիջոցներին, որ Եվրոմիության անդամ յոթ երկրներ աջակցում են Բոսնիայի լուծարմանը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Դոդիկի նկատմամբ, ով 2017 թվականից արդեն գտնվում էր ԱՄՆ-ի սև ցուցակում՝ Դեյթոնյան խաղաղության համաձայնագրին խոչընդոտելու պատճառով:

BIH Platform-ի հայտարարությունում նշվում է, որ Եվրոպայի աջակողմյան առաջնորդները, ինչպիսիք են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, բացահայտորեն աջակցում են Դոդիկին։
«Չնայած Բոսնիայում Բարձր ներկայացուցչի գրասենյակն իրավասու է հեռացնել սահմանադրությունը խախտող ցանկացած քաղաքական գործչի, ներկայիս բարձր ներկայացուցիչ Քրիստիան Շմիդտը մինչ այժմ խուսափել է դա անել, չնայած Դոդիկը բազմիցս խախտել է օրենքը»:

Եվրախորհրդարանի անդամ Թինեկե Ստրիկը Բրյուսելում բողոքի ակցիայի ժամանակ կոչ արեց․ «Համաձայնեցված պատասխանով հանդես եկեք, պատժամիջոցներ կիրառեք Դոդիկի դեմ և լիովին աջակցեք խաղաղության և ամուր ժողովրդավարության վերականգնմանը»:

Բողոքի ցույցերը հաջորդել են կիրակի օրվա տոնակատարություններին Բանյա Լուկայում՝ սերբական հատվածի ամենամեծ քաղաքում։ Բոսնիայի Սահմանադրական դատարանը անօրինական և հակասահմանադրական է ճանաչել ինքնավար միավորի պետականության օրվան նվիրված արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են նաև պատերազմի հանցագործ հռչակված Վինկո Պանդուրևիչը և Բոսնիայում Ռուսաստանի դեսպան Իգոր Կալաբուխովը, Սերբիայի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև Եվրախորհրդարանի աջակողմյան անդամներ, Ֆրանսիայի ներկայացուցիչներ Թիերի Մարիանին և Էրվե Ժյուվինը:

Սերբական Հանրապետության ոստիկանության «հակաահաբեկչական» հատուկ ստորաբաժանումը երթով անցավ՝ վանկարկելով «Խաչի համար, խաչի համար»՝ փառաբանելով սերբ միջնադարյան առաջնորդներին։