Այսօր երկրով մեկ ժողովուրդը «լուռ գործադուլ» է իրականացրել անցյալ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մեկամյակի կապակցությամբ։ Մյանմացիները մնացել են տանը, փակվել են գրեթե բոլոր աշխատատեղերը։
Ռազմական խունտան, իր հերթին, սպառնացել է մասնակիցներին ահաբեկչության ու խռովության մեղադրանք առաջադրել։ Բիզնեսի սեփականատերերը, ովքեր գործադուլին էին մասնակցել, իրենց գործունեության կասեցման սպառնալիքի տակ են։ Որոշները բացել են իրենց խանութները և թողել դրանք դատարկ՝ պատժամիջոցներից ինչ-որ կերպ խուսափելու նպատակով։
Հեղաշրջման պահից 1 503 ընդդիմադիրներ սպանվել են և 11 838-ը՝ ձերբակալվել։ Սրանք միայն պաշտոնական տվյալներն են։ «Աշխատանքի միջազգային կազմակերպությունը» հունվարին հետազոտություն է հրապարակել, համաձայն որի երկրում շուրջ 1․6 միլիոն մարդ դարձել է գործազուրկ։
Այս թվերն օրեցօր աճում են, մինչդեռ իշխող ռեժիմը պնդում է, թե տվյալները չափազանցված են։
Ձերբակալվածներին տանջում են տարբեր միջոցներով, ծեծում, նվաստացնում, կանանց ենթարկում են սեռական ոտնձգությունների և սպառնում բռնաբարել։ Զինվորականները մեղադրվում են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներում, որոնց վերաբերյալ ՄԱԿ-ը հետաքննություն է իրականացնում։
ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ երկրներ մեղադրում են իշխանությունը զավթած ռազմական խունտային խաղաղ բնակչության նկատմամբ տարբեր հանցագործությունների, ակտիվիստների սպանությունների և ընդդիմության ճնշման մեջ։ Մեկ տարի շարունակվող ամենաթողությունից հետո ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան նոր սանկցիաներ են առաջադրել ռեժիմի նկատմամբ։
Մյանմայի բնակչության շուրջ կեսը՝ 25 միլիոն մարդ, ապրում է աղքատության մեջ։ Նրանցից 14,4 միլիոնը ՄԱԿ-ի գնահատմամբ ունի պաշտպանության նաև հումանիտար օգնության կարիք։ Դոնորներին ներկայացվել է 826 միլիոն դոլարի հայց․ այս գումարի միջոցով հնարավորություն կլինի կազմակերպել առավել ծանր վիճակում գտնվող 6,2 միլիոն մարդկանց օգնությունը։
2021 թվականի փետրվարի 1-ին, Մյանմայում ուժայինները գրավել էին իշխանությունը և ձերբակալել նախկին առաջնորդ Աուն Սան Սու Չժիին։ երկրով մեկ սկսվել էին բողոքի ակցիաներ՝ ուղեկցվելով մեծաթիվ սպանություններով և ձերբակալություններով։
Նախկին առաջնորդ Աուն Սան Սու Չժին դեկտեմբերին, իսկ հետո՝ նաև հունվարին, դատապարտվել է 4-ական տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է համաճարակային պայմանների խախտումների, մաքսանենգության, ինչպես նաև «կապի միջոցներ պահելու» մեջ։ Խունտայի կողմից նրա դեմ հարուցված բոլոր գործերի հաստատման պարագայում դատավճիռը կկազմի 173 տարի։
Մյանմայի փողոցներում պարբերաբար բռնկվում, մարում ու նորից բռնկվում են բողոքի լայնամասշտաբ ակցիաներ։ Երկրում ռազմական իշխանությանը զուգահեռ գործում է նաև նախկին նախագահի կողմնակիցների ստեղծած Մյանմայի Ազգային միասնության կառավարությունը։