Home / Բանակ / Ուժայինները զավթել են իշխանությունը Բուրկինա Ֆասոյում, «որ երկիրը վերականգնվի»

Ուժայինները զավթել են իշխանությունը Բուրկինա Ֆասոյում, «որ երկիրը վերականգնվի»

Բուրկինա Ֆասոյում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել․ զինվորականները հեռուստաեթերով հայտնել են, որ կառավարությունը արձակվել է, սահմանադրության գործունեությունը՝ ժամանակավորապես դադարեցվել։ Հայտարարությունը արվել է նախկինում անհայտ «Պաշտանությանն ու վերականգնմանն ուղղված հայրենասիրական շարժման» (MPSR) կողմից, հունվարի 24-ին։

Երկուշաբթի առավոտյան հայտարարվել է, որ Բուրկինա Ֆասոյի գործող նախագահ Ռոխ Մարկ Քրիստիան Կաբորեն հրաժարական է տվել։ Ավելի ուշ ուժայինները ելույթ են ունեցել հեռուստատեսությամբ։ Նրանք հայտնել են, որ պաշտոնանկ են արել նախագահին՝ նպատակադրված լինելով բացել երկրի ճանապարհը դեպի վերականգնում և սուվերենություն, ապահովել տարածքային ամբողջականության համար պայքարի առաջխաղացումը։ Երկրում փակվել են ցամաքային և օդային սահմանները և չի գործում բջջային հեռախոսակապը․ կապի միջոցներից պահպանվել է լարային ինտերնետի աշխատանքը։

Բուրկինա Ֆասոն (նախկինում հանդիսացել է ֆրանսիական գաղութ, անկախություն է ձեռք բերել 1960-ին) 2015 թվականից պատերազմում է հարևան Մալիից եկող իսլամիստ գրոհայինների դեմ։ Պատերազմը մեծ դժգոհություններ է առաջացրել զինվորականների շրջանում, որոնք համարում են որ իշխանությունը բավականաչափ գումար չի հատկացրել մարտական գործողություններում հաջողության հասնելու համար։

«MPSR»-ը (որի կազմում գտնվում է երկրի ամբողջ բանակը) հայտարարում է, որ իշխանության զավթումը տեղի է ունեցել առանց որևէ բռնության, հավելելով, որ ձերբակալվածները գտնվում են անվտանգ վայրում: «BBC»-ն նշում է, որ հեղաշրջմանը նախորդել են հակակառավարական ցույցեր՝ պահանջելով նախագահի հրաժարականը։ Վերջինս այժմ  անազատության մեջ է՝ ուժայինների հսկողության տակ․ գտնվելու վայրը հայտնի չէ։ Տարբեր աղբյուրներ պնդում են, որ նախկին նախագահի նկատմամբ անհաջող սպանության փորձ է իրականացվել, գրել է «Al Jazeera»-ն։ Կաբորեի ընտանիքը լքել է երկիրը։

Սա արևմտյան աֆրիկայում տեղի ունեցած չորրորդ հեղաշրջումն է վերջին 1․5 տարվա ընթացքում։ Ըստ «Meduza»-ի 2021 թվականին ամբողջ աշխարհում տեղի է ունեցել հեղափոխության 7 փորձ։ Համեմատության համար, 2015-2020 թվականներին առավելագույնը եղել է տարեկան երկու փորձ։