Հայաստանից կարող են չվերթներ գործարկվել ոչ միայն դեպի Ստամբուլ, այլ նաև Կարս, Վան և Թուրքիայի այլ շրջաններ, հաղորդում է թուրքական Hurriyet-ը՝ հղվելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի տեղեկությունների, շաբաթներ առաջ Թուրքիայի նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ի թիվս այլի, քննարկվել է Հայաստանից դեպի Կարս և Վան չվերթների մեկնարկը՝ որպես հարաբերությունների կարգավորման առաջին քայլ։ Օրակարգում է նաև չվերթների բացումը դեպի Թուրքիայի այլ քաղաքներ։
Քննարկվել է հատկապես, որ Վանը կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն։ Նախատեսվում է նաև վերականգնել Կարսի մոտակայքում գտնվող կամուրջն ու այլ պատմական շինություններ, որոնք հայերը մեծապես կարևորում են։
Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ է մատուցվում, որին սովորաբար մասնակցում են բազմաթիվ հայաստանցիներ և սփյուռքահայեր։
Թուրքական իշխանությունների այս ծրագրերն, ըստ Hurriyet-ի, մաս են կազմում արտաքին քաղաքական ավելի մեծ նախագծի, որը ենթադրում է Թուրքիայի շուրջ «առանց խնդիրների օղակի» ձևավորում։
Այս համատեքստում են տեղավորվում նաև Իսրայելի, Լիբիայի, ինչպես նաև արաբական մի շարք պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանը և/կամ բարելավմանն ուղղված քայլերը, որոնք ըստ պարբերականի, ևս քննարկվել են նախագահականում։
Դեռևս դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակներում երկու կողմերը հատուկ բանագնացներ կնշանակեն, ինչպես նաև կվերսկսվի ավիահաղորդակցությունը երկու երկրների միջև։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Երևան-Ստամբուլ չվերթները կվերսկսվեն փետրվարի 2-ին։ Թռիչքները կիրականացնեն հայկական Flyone Armenia և թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունները։