Հայ-թուրքական բանագնացներ
Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները կհանդիպեն մոտ ապագայում՝ մալայզիացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Սկզբի համար մենք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք։ Ամենամոտ ապագայում նրանք բանակցություններ կանցկացնեն», – նշել է Չավուշօղլուն՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ երբ և որտեղ է նախատեսված Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը։
Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, ԱԽ նախկին նախկին քարտուղար, դիվանագետ Սերդար Քըլըչը։ Հայկական կողմին կներկայացնի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հարաբերությունների կարգավորման նպատակով Անկարան և Երևանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։ Նախատեսվում է վերսկսել նաև Հայաստան-Թուրքիա ուղիղ չվերթները։
3+3-ը՝ Անկարայում
«3+3» (3+2) ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում՝ նախօրեին հայտնել էր թուրք արտգործնախարարը։
Չավուշօղլուն կոնկրետ ժամկետ նշելուց կրկին խուսափել էր՝ շեշտելով միայն, որ հաջորդ հանդիպմանը ակնկալում են տեսնել նաև Վրաստանի ներկայացուցիչներին։
«3+3»-ի անդրանիկ նիստը կայացել է Մոսկվայում՝ դեկտեմբերի 10-ին։ Նիստին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի փոխվարչապետները։ Թեև Վրաստանը հրավերը կտրականապես մերժել էր՝ նիստին բարձրացվել էր նաև Վրաստանի դրոշը․․․
«Մենք հանդիպում ենք ունեցել Մոսկվայում, բայց Վրաստանը չի մասնակցել դրան։ Հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում, և մենք սպասում ենք դրան Վրաստանի մասնակցությանը», – դեկտեմբերի 19-ին հայտարարել է Չավուշօղլուն։ Վրացական կողմը այս նոր հրավերին դեռևս չի արձագանքել։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարան, հաջորդաբար՝ նաև Բաքուն առաջարկել էին ստեղծել տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և վերջիններիս 3 խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած նոր բանակցային հարթակ։ Ավելի ուշ ձևաչափի օգտին էր հանդես եկել նաև Ռուսաստանը, առաջարկը ողջունել էր իրանական կողմը։ Վրաստանը միանշանակ դեմ էր արտահայտվել և շարունակ մերժում է մասնակցության առաջարկը։ Հայաստանը դեկտեմբերին հաստատել էր իր մասնակցությունը՝ վերապահումով, որ «հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկվում են այլ ձևաչափերում»։