Պաշտոնական Երևանը դրական է գնահատում Թուրքիայի արտգործնախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում՝ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի, ԶԼՄ-ների հարցին ի պատասխան այսօր հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։
Վահան Հունանյանն ընդգծել է՝ Հայաստանն, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է նաև Հայաստանի կառավարության ծրագրում։
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան և Երևանը փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն», – խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ նշել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, հետագայում էլ միասին են շարժվելու։
Չավուշօղլուի այս հայտարարությանը Մեջլիսի պատգամավորները արձագանքել են ծափահարություններով:
Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքներ են գործարկվելու:
Հատուկ ներկայացուցիչների գործունեությունը սովորաբար հիմնվում է միջազգային կազմակերպություն, որոշ դեպքերում՝ պետություն՝ ժամանակավոր մանդատի վրա: Վերջինիս նպատակներից է փաստերի հավաքագրումը, բանակցությունների վարումը (ներառյալ հաշտեցման նպատակներով) կամ արարողակարգային միջոցառումների մասնակցությունը։