Հայաստանն ու Թուրքիան «առաջիկա օրերին» կվերսկսեն փոխադարձ չվերթները, NTV-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն։ Երկու պետությունների միջև ուղիղ չվերթներ չէին իրականացվում 2․5 տարի։
Ըստ նախարարի՝ թռիչքներն իրականացնելու է թուրքական Pegasus Airlines-ը, որն այժմ ավարտին է հասցնում նախապատրաստական աշխատանքները։
Ավելի վաղ Երևան-Ստամբուլ-Երևան ուղեգծով չվերթների մեկնարկի մասին հայտարարել էր նաև Flyone Armenia ավիաընկերությունը։ Ընկերության կայքի տվյալներով՝ չվերթները սկսվում են դեկտեմբերի 27-ից։
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ «որոշ ավիաընկերություններ հարցումներ են արել թռիչքների հետ կապված, և կբավարարվեն դրանցից մի քանիսը»։ Իսկ դեռևս դեկտեմբերի 13-ին Չավուշօղլուն հայտարարել էր, որ Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակներում երկու կողմերը հատուկ բանագնացներ կնշանակեն։ Թուրքիայի կողմից նշանակվել էր մի քանի երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանից՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։