Փարաքարում ոստիկանական ուժերն այսօր շրջափակել էին համայնքապետարանն ու թույլ չեն տալիս նորընտիր ավագանու՝ «Ապրելու երկիր» կուսակցության անդամներին մուտք գործել շենք։ ըստ որոշ տվյալների՝ կային նաև բերման ենթարկվածներ։ Հավաքվածների թվում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարներ, կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը։
Ընտրության արդյունքներով 21-ից 10 մանդատ ստացած «Ապրելու երկրի» ներկայացուցիչներն ու կողմնակիցները հավաքվել էին իրենց կողմից համայնքապետ ընտրված Վոլոդյա Գրիգորյանի երդման արարողությանը ներկա լինելո։ Արարողությունը տեղի ունեցավ, բայց ոչ թե համայնքապետարանում, այլ դրա դիմաց, քանի որ ոստիկանությունը առանց որևէ բացատրության հրաժարվում էր նրանց ներս թողնել։
Խնդիրն այն է, որ Փարաքարում իրեն ընտրված համայնքապետ է համարում ևս մեկ թեկնածու․ Դավիթ Մինասյանը՝ նույնանուն դաշինքից։ Հիմնականում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամներից բաղկացած դաշինքը ստացել էր 5 մանդատ և կոալիցիա կազմել 6 մանդատ ունեցող «Քաղաքացիական Պայմանագրի» հետ՝ ընդհանուր ձեռք բերելով 11 մանդատ։
Մեկ համայնքում երկու ղեկավարի ընտրության պատճառների մասին զրուցել ենք «Անկախ Դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Անտոն Իվչենկոյի հետ։
«Առաջին օրը հայտարարվել է ավագանու անդրանիկ նիստը, որ պիտի չընդհատվի, մինչև չընտրեն համայնքապետ։ Կարող են անել ընդմիջում, բայց նիստը շարունակվում է։ Ընդմիջման ընթացքում «Ապրելու Երկիրն» իր 10 մանդատով քվեարկել է իրենցից մեկին (Վոլոդյա Գրիգորյանի – խմբ․) և հռչակել համայնքի ղեկավար՝ 21-ից 10 մանդատով, այսինքն՝ փոքրամասնությամբ։ Հաջորդ օրը ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը գումարել են նիստ․․․ և 11 մանդատով ընտրել Դավիթ Մինասյանին»։
Ըստ իրավապաշտպանի՝ ստացվում է, որ առաջին օրը տեղի է ունեցել նիստ, որտեղ համայնքապետ դե յուրե չի ընտրվել, քանի որ 10 մանդատը բավարար չէր, իսկ երկրորդ օրը համայնքապետ ընտրվել է, սակայն նիստն է եղել որոշակիորեն խնդրահարույց։
Իվչենկոյի համոզմամբ՝ ավագանու ընտրված անդամներն, այնուամենայնիվ, իրավունք ունեն մուտք գործել համայնքապետարանի շենք, սակայն այդ ներկայացուցիչներից մեկը պնդում է, որ ինքն ընտրված համայնքապետ է։
«Դավիթ Մինասյան» դաշինքի կողմնակիցների խոսքով՝ ընդմիջում նրանք վերցրել են, որպեսզի ձևակերպեն առաջադրման փաստաթղթերը, քանի որ նիստը վարող «Ապրելու երկրի» անդամը պնդել է, որ դրանք անհրաժեշտ են։ «Ապրելու Երկրի» ներկայացուցիչները պնդում են, թե ընդմիջումից հետո «մինչև անգամ 5 րոպե» սպասել են, սակայն մյուս ուժերը հետ չեն եկել, ինչից հետո էլ իրենք ընտրել են իրենց թեկնածուին։
«Ապրելու երկրի» համայնքապետի թեկնածուին ի վերջո թույլատրվեց մուտք գործել շենք, բողոքի ակցիան դադարեցվեց։ Գրիգորյանը կոչ արեց ավագանու մանդատ ստացած իր կուսակիցներին երկուշաբթի օրվանից գնալ աշխատանքի, իսկ մնացած հարցերը, ըստ կուսակցության ներկայացուցիչների, կլուծվեն քաղաքական ճանապարհով կամ դատական ատյաններում։