ԿԸՀ-ն հրապարակել է երեկ Հայաստանով մեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Համայնքներից 36-ում ընտրություններն անցնում էին համամասնական, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում՝ մեծամասնական ընտրակարգով։ Ծովագյուղ և Սեմյոնովկա բնակավայրերը, որոնք ներառված են Սևան խոշորացված համայնքում, բոյկոտել են ընտրությունները։ Քվեարկությանը որևէ ընտրող չի մասնակցել։ Պատճառն, ըստ ամենայնի, համայնքների խոշորացմանը դեմ լինելն է։
36 համայնքներից 24-ում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Գավառում, Թումանյանում, Եղեգնաձորում, Սևանում, Ապարանում, Նոր Հաճնում, Աբովյանում, Նաիրիում, Վանաձորում, Վեդիում, Փարաքյարում և Մասիսում հաղթել են ընդդիմադիրները։
Մասիսում հաղթել է գործող քաղաքապետ, քրեական գործով որպես մեղադրյալ անցնող Դավիթ Համբարձումյանի դաշինքը։
Աբովյանում ձայների մեծամասնությունը՝ շուրջ 46%, ստացել է «Բարգավաճ Հայաստանը», որի քաղաքապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանն է: Բաբայանը, հիշեցնենք, 2019-ին դատապարտվել էր 3 տարի 6 ամիս ազատազրկման, ապա՝ համաներմամբ ազատ արձակվել:
Վանաձորում հաղթել է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը՝ ստանալով քվեների մոտ 38․6%-ը։ ՔՊ-ն Լոռու մարզկենտրոնում ստացել է ձայների 25.06%-ը։
Ընդ որում՝ Վանաձորում, Փարաքյարում, Աբովյանում և Նաիրիում ընդդիմությունը պետք է գնա կոալիցիայի, քանի որ ըստ ընտրական օրենսգրքի, քաղաքային իշխանությունն ավտոմատ կերպով ստանալու համար անհրաժեշտ է ապահովել ավագանիում 50%+1 ներկայություն։ Եվս 9 համայնքներում կոալիցիայի պետք է գնա «Քաղաքացիական պայմանագիրը»։
Ընտրախախտումների մասին
Մի շարք համայնքներում էական ազդեցություն է ունեցել «համայնքային բյուջեի արտոնյալ բաշխումը»՝ սոցիալական աջակցության ծրագրերի անվան տակ։ Ի տարբերություն ԱԺ ընտրությունների՝ այս դեպքերի հետ կապված քրեական հետապնդումներ չեն եղել։ Արթիկում և Աշտարակում վարչական ռեսուրսն, ըստ Իոաննիսյանի, արտահայտվել է յուրայիններին պարգևավճարներ տրամադրելով։ Այս մասին ասել է «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Որոշ քաղաքներում, օրինակ՝ Սպիտակում, Վայքում, Ջերմուկում, Աշտարակում, Աշոցքում, Նոր Հաճնում և այլուր, նախընտրական հանրային հանդիպումներ ու հանրահավաքներ առհասարակ չեն անցկացվել։
Քվեարկության օրն արձանագրված խախտումները հիմնականում վերաբերել են բաց քվեարկությանը, քվեարկության գաղտնիության խախտմանը, քվեախցիկում, մեկից ավելի անձի, ինչպես նաև դիտորդների իրավունքների խախտումներին։
Թե Իոաննիսյանը, թե Սաքունցը նշեցին, որ մի շարք համայնքներում դաշինքները կոչվել են դրանց ցուցակի առաջին համարների ազգանուններով, ինչը խոսում է համամասնական ընտրակարգի մերժման և մեծամասնականով շարժվելու տրամաբանության մասին։
Ընդհանուր առմամբ, սակայն, երկու իրավապաշտպանների կարծիքով, ընտրողների իրավունքները մեծապես չեն խախտվել։