հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մարզեր / Ձերբակալվել է Վանաձորի վերընտրված համայնքապետը

Ձերբակալվել է Վանաձորի վերընտրված համայնքապետը

Ձերբակալվել է Վանաձորի վերընտրված ղեկավար Մամիկոն Ասլանյանը, հաղորդում է Քննչական կոմիտեն։

Ըստ ՔԿ-ի՝ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել Ասլանյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ: Պաշտոնյան քրգործում ներգրավվել է որպես մեղադրյալ:

Հաղորդագրության համաձայն, Վանաձորի 0,95 հա ընդհանուր հողամասերի բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոխել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել։

Նույն ժամանակահատվածում պաշտոնյան համայնքի գլխավոր հատակագծում փոխել է ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, 0,099 հա մակերեսով հողատարածքի նշանակությունը՝ սեփականության իրավունքով օտարելու նպատակով։ Իր որոշման մեջ կեղծ տվյաներ ներառելով՝ նա բնակավայրերի այլ հողերից դարձրել է հասարակական կառուցապատման հողեր։

Դրանից հետո Ասլանյանը՝ հողատարածքն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում, Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդ և իր որոշմամբ վերը նշված մակերեսով հողամասը 2 007 700 դրամով օտարել է:

Մեկ այլ դեպքով ևս՝ դարձյալ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նշված սահմանափակումների ցանկում ընդգրկված 0,26293 հա հողատարածքը սեփականության իրավունքով քաղաքացուն օտարելու նպատակով,  կայացված որոշման մեջ կեղծ տվյալներ ներառելով՝ փոփոխել է հողատարածքի գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ հողերից հասարակական կառուցապատման հողերի։

Այնուհետև, վերը թվարկված նույն ընթացակարգերով ապահովելով հիշյալ հողատարածքի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի գրանցումը՝ համայնքապետարանում կայացած աճուրդում 5 284 120 դրամով այդ հողամասը ևս օտարել է», – մանրամասնում է Քննչական կոմիտեն:

Մեկ այլ դրվագով տվյալներ են ստացվել, ըստ հաղորդագրության, որ Ասլանյանը հնարավորություն է ընձեռել իր ընկերոջ զոքանչ Վ.Ղ.-ին սեփականություն իրավունքով պատկանող հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ օգտագործելու փոխարեն ծառայեցնել այլ նպատակով՝ 2017 թվականից միջնորդավորված հողակտորներ վաճառելով կամ նվիրելով տարբեր քաղաքացիների՝ դրանցում հուղարկավորություններ իրականացնելու նպատակով․ այն պարագայում, երբ Լոռու մարզպետարանի կողմից նա տեղեկացված է եղել հիշյալ տարածքում գերեզմանների առկայության վերաբերյալ:

Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):

Ինքը՝ Ասլանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ձերբակալությունը նպատակ ունի «վիժեցնել քաղապետի ընտրության գործընթացը»՝ հավելելով, որ «իր կամքն անկոտրում է, գործն՝ արդար»։

Մամիկոն Ասլանյանի՝ իր իսկ անունով ստեղծված դաշինքը հաղթել էր դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները՝ ստանալով քվեների  38․6%-ը։ ՔՊ-ն Լոռու մարզկենտրոնում ստացել էր ձայների  25.06%-ը։ Ընդ որում՝ Ասլանյանի դաշինքն իշխանության հասնելու համար ամեն դեպքում պետք է գնար կոալիցիայի, քանի որ  ըստ ընտրական օրենսգրքի, քաղաքային իշխանությունն ավտոմատ կերպով ստանալու համար անհրաժեշտ է ապահովել ավագանիում 50%+1 ներկայություն։