Պարզվել են Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ, հայտնում է Քննչական կոմիտեն։ Արա Մկրտչյանը կալանավորվել է։
Հաղորդագրության համաձայն՝ քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Քասախի համայնքապետի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Քասախ համայնքի ղեկավարը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պաատգամավոր Աննա Մկրտչյանի 61-ամյա հայրը, 1996թ.-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը նույն համայնքի բնակչին վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև վերջինիս օտարելու նպատակով, կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք ու հողատարածքի ուրվագծային հատակագիծը, ըստ որոնց՝ վերոնշյալ հողատարածքը ներկայացվել է որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ թաքցնելով այդ հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը։
Ենթադրյալ չարաշահումները հիմնականում վերաբերում են հողատարածքների օտարմանը կամ վարձակալությամբ տրամադրելուն, տարբեր անձանց դրանց հետևանքով հասցված վնասը ավելի քան 43 միլիոն դրամ է կազմում։
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի` «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը», 314-րդ հոդվածի՝ «Պաշտոնեական կեղծիքը» և այլ հոդվածների հատկանիշներով։
Մկրտչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է։
Դատախազի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: