Home / Առողջապահություն / Հայտնի են «Տաշիրում» թունավորման պատճառները. 64 հոգի դեռ հիվանդանոցում է

Հայտնի են «Տաշիրում» թունավորման պատճառները. 64 հոգի դեռ հիվանդանոցում է

Աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլակոկ, լիստերիա, salmonella enteritidis․ «Տաշիր Պիցցայի» մասնաճյուղերում արտադրատեսակներից և հումքից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում նորմայից շեղումներ են հայտնաբերվել՝ հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։

Հայտնաբերված մանրէների մեծ մասը վկայում են հիգիենիկ պահանջների անտեսման մասին։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդության բռնկում, 179 հոգի հոսպիտալացվել է (նրանցից 35-ը՝ անչափահաս): Նոյեմբերի 9-ի դրությամբ՝ հիվանդներից 111-ը դուրս է գրվել, 64-ը, որոնցից 26-ը՝ մինչև 18 տարեկան, ստացիոնար բուժում է ստանում են։ Բոլոր հիվանդները օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից:

«Տաշիր պիցցա» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կազմակերպություններում, լաբորատոր հետազոտությունների նպատակով, իրականացվել է շրջակա միջավայրի, սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում:

— Մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ),
— մանրէակրության վերաբերյալ աշխատակիցներից վերցված 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis, քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ:

— Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis):

— «Ինֆեկցիոն ազգային կենտրոնում» հոսպիտալացված հիվանդներից վերցված կղանքի 9 նմուշից 7-ում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» հոսպիտալացվածներից վերցված 5 նմուշից 4-ում հայտնաբերվել է salmonella enteritidis:

Հյուսիսային պողոտայի և Խանջյանի մասնաճյուղերի գործունեությունը անմիջապես կասեցվել է։ Նոյեմբերի 5-ին (ստուգումների ընթացքում) «Տաշիր պիցցա»-ն դադարեցրել է իր բոլոր մասնաճյուղերի գործունեությունը:

Մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների համաձայն՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում․

1. թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով,
2. թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով,
3. Հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ ցուցանիշներով,
4. Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:

Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ստուգումներ են սկսվել նաև «Տաշիր պիցցա»-ում օգտագործվող մայոնեզի արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Տաշիր պիցցա»-ում ավելի քան 170 քաղաքացիների թունավորման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 279-րդ հոդվածի 2–րդ մասի, 2–րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը)։