Բելառուսի և Լեհաստանի սահմանին ավելի քան 4 հազար ներգաղթյալներ են կուտակվել՝ մեծամասամբ Մերձավոր Արևելքից՝ Իրաքից, Սիրիայից, և Աֆրիկայից։ Միգրանտների մի մասը նոյեմբերի 8-ին փորձել է ճեղքել փշալարերը, ինչը կանխվել է, սահմանն էլ՝ փակվել։ Հազարավոր մարդիկ մնում են Բելառուսի և Լեհաստանի արանքում․ ըստ հաղորդումների՝ ցրտահարվելուց առնվազն 9 մարդ է մահացել․․․
Կենդանի պատնեշ Բելառուսի և Լեհաստանի միջև
Լեհ-բելառուսական սահմանին ստեղծված ճգնաժամը կարող է վերաճել զինված էսկալացիայի՝ հայտարարել են Լեհաստանի իշխանությունները։ ԵՄ-ն ճգնաժամի մեջ մեղադրում է պաշտոնական Մինսկին։ Սահմանին մնացած հազարավոր մարդկանց ընդունելու մտադրություն Եվրամիությունը չունի։
Նոյեմբերի 8֊ի առավոտյան սահմանի երկայնքով և Բրուզգի-Կուզնիցա անցակետի մոտ նկատվել է ներգաղթյալների մեծ խումբ, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ։ Շուրջ 4 հազար միգրանտներից կազմված շարասյունը Բելառուսի խորքերից ոտքով շարժվել է դեպի Լեհաստանի սահման։ Լեհական կողմի հաղորդմամբ՝ ևս 12 հազար ներգաղթյալ պահվում է Բելառուսում։
Լեհաստանը պնդում է, որ Մերձավոր Արևելքից եկած ներգաղթյալներին ուղղորդել են բելառուսական իշխանությունները։
Իրավիճակին արձագանքելով՝ Վարշավան որոշել են փակել անցակետը։
https://twitter.com/novaya_gazeta/status/1457653421016850433?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1457653421016850433%7Ctwgr%5Ehb_1_7%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fnovayagazeta.ru%2Farticles%2F2021%2F11%2F08%2Fkrupneishaia-popytka-silovogo-vtorzheniia-v-polshu
Փախստականները փորձել են կտրել և ջարդել փշալարերով ծածկված պատնեշները, որոնք կառուցվել էին ավելի վաղ՝ ի պատասխան միգրանտների արտառոց հոսքի, որ նկատվում է վերջին ամիսների ողջ ընթացքում։ Լեհ զինվորականները և սահմանապահները արցունքաբեր գազ են կիրառել և «կանխել ներթափանցումը»:
Լեհ-բելառուսական սահմանը այս պահին վերահսկվում է շուրջ 16 000 լեհ սահմանապահների, ԵՄ Frontex գործակալության 1 300 ներկայացուցիչների, 10 000 զինվորականների և ոստիկանների կողմից՝ հայտնել է Լեհաստանի ՆԳՆ նախարար Մացեյ Վասիկը։ Հազարավոր միգրանտներ հայտնվել են երկու սահմանների միջակայքում։ Ըստ հաղորդումների՝ տեղում ձևավորվել են ինքնաշեն ճամբարներ։ Մարդիկ փողոցում են մնում՝ չնայած դաժան կլիմայական պայմանների։
Նոյեմբերի 8-ի զանգվածային «արշավանքը», ըստ տեղում կուտակված միգրանտների, ինքնակազմակերպ է եղել և համակարգվել է սոցիալական ցանցերի միջոցով։ ԵՄ-ն, սակայն, պնդում է, որ դրան մեծապես նպաստել են բելառուսական պետական կառույցները։
«Հիբրիդային պատերազմ»՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների
Բելառուսին սահմանակից ԵՄ-երկրները արդեն ամիսներ շարունակ վայելում են միգրացիոն ճգնաժամի ծանր իրականությունը։
Օգոստոսից Լեհաստանում գրանցվել է սահմանը «ապօրինի» հատելու շուրջ 30 000 փորձ։ Համեմատության համար կարելի է նշել, որ անցյալ տարվա՝ 2020 թվականի ողջ ընթացքում սահմանը ապօրինաբար հատելու համար ձերբակալվել է ընդամենը 114 օտարերկրացի։
Գրեթե նույն իրավիճակն է Բելառուս-Լիտվա, Բելառուս-Լատվայի սահմանին։
ԵՄ-ն պնդում է, որ միգրանտների ապօրինի ներհոսքը կազմակերպվում է Բելառուսի կողմից․ Լուկոշենկոն այսկերպ վրեժխնդիր է լինում պատժամիջոցների համար, որոնք սկսել են կիրառել կեղծված ընտրություններից և զանգվածային բռնություններից հետո։ Բելառուսական իշխանությունները, ըստ նրանց, Մերձավոր Արևելքից հազարավոր ներգաթյալների բերում են Միսնկ՝ հետագայում սահման տեղափոխելու համար։ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, առարկում է, թե Բելառուսը սանկցիաների պատճառով պարզապես ուժ ու փող չունի՝ Մերձավոր Արևելքից եկածներին զսպելու կամ պահելու համար։
Եվրահանձնաժողովը քննարկում է ներգաղթյալներին Բելառուս բերող երրորդ երկների ավիաընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հեռանկարը։ Բելարուսական կողմի գործողությունները Լիտվան «հիբրիդային հարձակում» է որակում։ Մարդկանց տեղավորելու մտադրություն ԵՄ֊ն, ամեն դեպքում, չունի։
«Մարդիկ գիտեն, որ իրենց օգտագործում են։ Բայց նրանք ապագա չունեն», – BBC֊ի հետ զրույցում նշել է իրաքցի ներգաղթյալներից մեկի եղբայրը։ Դեռևս նախորդ ամիս նրա բարեկամը կնոջ և երկու երեխաների հետ ժամանել էր Մինսկ, այժմ պայքարում է բնակլիմայական պայմանների, սնունդի և ջրի պակասորդի հետ։ Իրավիճակը մնում է առկախված։
https://twitter.com/MON_GOV_PL/status/1457709857566564354
Լիտվայի ճամբարներում խռովություններ են
Տեղական Delfi գործակալությունը հայտնում է, որ նոյեմբերի 8-ի նույն գիշերը բելառուսական կողմը շուրջ 500 ներգաղթյալի տեղափոխել է նաև Լիտվայի սահման։ Նրանց հրամայել են բաժանվել 20-25 հոգանոց խմբերի և սպասել հետագա ցուցումներին։ Որոշները չեն ցանկացել բաժանվել մյուս ընտանիքներից, Բելառուսի սահմանապահները օդ են կրակել։ Միգրանտներին ի վերջո բաշխել են մեքենաներով։ Մոտ մեկ ժամ հետո նրանք հայտնվել են «Կադիշ» գյուղում՝ Լիտվայի հետ սահմանից 3.5 կմ-ի վրա։
Լիտվան քննարկում է Բելառուսին սահմանակից տեղամասերում արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու հարցը:
Լեհ-բելառուսական սահմանին ստեղծված ճգնաժամին զուգահեռ, ըստ BBC-ի, խռովություններ են սկսվել նաև Լիտվայում տեղակայված փախստականների ճամբարներում, որտեղ ապրում են վերջին ամիսներին Բելառուսից եկած փախստականները (մեծ մասը, ինչպես և Լեհաստանի դեպքում՝ Մերձավոր Արևելքից)։
Նոյեմբերի 8-ին՝ նույն օրը, երբ հազարավոր միգրանտներ հավաքվել էին լեհ-բելառուսական սահմանին, Լիտվայում անկարգություններ են սկսվել ներգաղթյալների միաժամանակ 4 ճամբարներում․ Մյադինինկայ գյուղի ճամբարում իրավապահները բիրտ ուժի են դիմել, կիրառվել է նաև արցունքաբեր գազ։
ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ Լիտվան և Լատվիան պարտավորվել են սահմանին մնացած մարդկանց ապահովել սնունդով, ջրով և տաք իրերով։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պարտավորությունը իրականացվում է սահմանապահ ուժերի կողմից։ Անկախ աղբյուրները հաղորդում են, որ ճամբարներում մնացած մարդիկ, իրականում, ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, ունեն տաքության, սննդի և անգամ ջրի մշտական խնդիր։