Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, գործի նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Ըստ հաղորդման` Մկրտչյանը, օգտագործելով համայնքի բնակիչների` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել»:
Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։
Արա Մկրտչյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի սատարած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է:
Հիշեցնենք, որ քարոզարշավի ընթացքում համացանցում տարածվել էր Քասախում գտնվող «Նևրոզների կլինիկայի» աշխատակիցների հետ գյուղապետի հանդիպման ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես է Մկրտչյանը հորդորում, խնդրում քվե տալ իր դստերը և «պարտադրում» քվե չտալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ «Չեք ուզում, ինձ չեք սիրում, նեղացրել եմ ձեզ, ձայն մի տվեք ինձ, բայց պարտադրում եմ՝ էս իմքայլական զոմբիներին ձայն մի տվեք», – կլինիկայի աշխատակիցների հետ հանդիպմանն ասում էր գյուղապետը:
Մկրտչյանի անունը կապվում է ևս մեկ քրեական գործի հետ՝ կապված Քասախում առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի հետ։