«Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում», – Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հաջորդած ասուլիսին հայտարարել է Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա», – հավելել է Միրզոյանը:
Միրզոյանն, սակայն, առաջարկել է ավելի շատ կենտրոնանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա՝ մի քանի անգամ շեշտելով՝ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, իր ուզած ձևով է մեկնաբանում դրանք և առհասարակ խախտում է միջազգային նորմերը։
«Գերիների վերադարձը լավ քայլ կլիներ․․․»
Շնորհակալություն հայտնելով ռուսական կողմին՝ հայ ռազմագերիների մի մասին վերադարձնելու համար, Միրզոյանն ընդգծել է՝ տուն պետք է վերադառնան բոլորը։
Համատեղ ասուլիսի ընթացքում գերիների հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի 8-րդ կետում խոսվում է այն ռազմագերիների մասին, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ժամանակ, – հայտարարել է նա՝ շարունակելով․ – այսօր Բաքվում պահվում են մարդիկ, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո»։
Ռուսաստանի նախագահն, ըստ Լավրովի, իր բոլոր շփումներում, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ, ամեն դեպքում շեշտում է պահվող բոլոր անձանց վերադարձի անհրաժեշտությունը․ «Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին՝ առանց նախապայմանների»։
Լավրովը շեշտել է՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը խաղաղությանն ուղղված լավ քայլ կլիներ Բաքվի կողմից։ Նման քայլ, ըստ նրա, կլիներ նաև, եթե Հայաստանը Ադրբեջանին հանձներ ականապատված բոլոր տարածքների քարտեզները։
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին ընդգծել է սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը, Հայաստանի արտգործնախարարն, իր հերթին, մի քանի անգամ շեշտել է՝ Ադրբեջանը խախտել է միջազգային նորմերը և մայիսի 12-ին ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք:
«Եկել ենք կարծիքի, որ Մինսկի խմբի անհրաժեշտությունը կա», բայց՝ ոչ բանակցելու համար
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսմանը, համատեղ ասուլիսին Լավրովը, նախ, նշել է՝ «այսօրվա բանակցություններում եկել ենք այն կարծիքի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտություն կա», ավելի ուշ՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել՝ խոսքն այսօր ոչ թե բանակցային գործընթացը վերսկսելու մասին է, այլ՝ եռակողմ համաձայնագրերը կատարելու, ինչը կփոխի իրավիճակը տարածաշրջանում և վստահության մթնոլորտ կստեղծի հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ինչն էլ, իր հերթին, ի վերջո կբերի քաղաքական կարգավորման:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման և մի շարք այլ հարցեր։ Արտգործնախարարների հանդիպումից հետո Միրզոյանը ընթրիք է ունեցել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։