Նոյեմբերի 9-ին Երևանի Ազատության հրապարակը զբաղեցրել էր ընդդիմադիր հերթական միավորումը․ քոչարյանական «դիմադրությանը» փոխարինելու եկավ Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքը, որի կորիզն են ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, լիբանանահայ Ժիրայր Սեֆիլյանը, 2016 թվականին ոստիկանական գնդի գրավման ընթացքում աչքի ընկած նախկին սպա Վարուժան Ավետիսյանը և Աֆղանստանում սովետական զորքերի թարգմանիչ, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը․․․ Հանրահավաքին հաջորդեց ջահերով երթը դեպի Ռուսաստանի դեսպանատուն:
Բեմի մոտ տեղադրված բարձրախոսներից հնչում են ազգագրական, հայրենասիրական երգեր։
Հանրահավաքը վարում է Վահե Գասպարյանը՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի վարչապետի թեկնածուն։
Վահե Գասպարյան․ — Ողջույն, ժողովուրդ։ Ողջույն Լոռի, ողջույն Վանաձոր, Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ, Լոռի, Արցախ, Նախիջևան, Կարս, Էրզրում, Բիթլիս, Տրաբզոն․․․ Մենք գալի՜ս ենք։ Երեկվա խեղկատակությունից հետո իսկական ընդդիմությունը սկսում է իր հանրահավաքը։
Գասպարյանը բեմ է հրավիրում պարոն Ալեքսանդր Խալաթյանին և բոլոր նրանց, ովքեր «վստահ են իրենց վոկալային տվյալներին»։ Միասին երգում են «Սարդարապատը»։
(Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար մարտին…)
(Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք, դեռ կգանք․․․)
Բարձրախոսին մոտենում է Վարուժան Ավետիսյանը։
Վարուժան Ավետիսյան․ — Առաջարկում ենք միասին երդվել։
(Ավետիսյանը կարդում է երդման տեքստը)
— ․․․Երդվում եմ՝ հոգով, մտքով, խոսքով և գործով լինել հավատարիմ և հետևորդ հայրենատիրության գերագույն նպատակին, ջանք ու եռանդ չխնայել ազգային ինքնիշխան պետության կայացման ու հզորացման համար, պայքարել և զարգացնել ազգային ինքնությունս, առաջին հերթին՝ հայոց լեզուն, հայրենի հողը և հայ մշակույթը, հարգել և պաշտպանել համամարդկային արժեքները, արժանի լինել հայրենիքի ազատության նահատակ հերոսների հիշատակին, լինել իրավատեր քաղաքացի, ազգային ու պետական շահը գերադասել անձնականից և պաշտպանել հայրենիքը, իրավունքը ու ազատությունը։
Ավետիսյան․ — Հիմա միասին մաս առ մաս կկրկնենք՝ աջ ձեռքը վեր բարձրացնելով։
(Միասին մաս առ մաս կրկնում են՝ աջ ձեռքը վեր բարձրացնելով։ Վարուժան Ավետիսյանը կարդում է, հավաքվածները կրկնում են)
— Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ։
(Բեմ են բարձրանում ջահերով տղաներ: Ջահերը բաժանում են բեմի ետնամասում կանգնածներին)
Վահե Գասպարյան — Ի տարբերություն նախորդ մեր հանրահավաքների, այսօր այստեղ են ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ, և նրանց շարքում է Հանրայի՜ն հեռուստատեսությո՜ւնը։
Գասպարյան․ — Այո՛, Ռուսաստանի չեկիստական համակարգը ամենևին հանձնվելու պլաններ չուներ և մտադիր էր ամեն գնով, այս կամ այն ձևով վերականգնել կայսրությունը։ Ցավոք սրտի՝ դա նրանց հաջողվեց։ ԽՍՀՄ լուծարմանը հաջորդեց ԱՊՀ կոչված կառույցի ստեղծումը՝ սկիզբ դնելով հետխորհրդային տարածքի երկրների, բացառությամբ մերձբալթյան երեք երկների, նեոգաղութացմանը։
Գասպարյան․ — Երկար ու ձիգ 30 տարիների ընթացքում համակարգը խորը արմատներ տվեց, զարգացավ, ամրացավ, ծաղկեց՝ բերելով իր հետ նոր վարք ու բարք։ Նեպոտիզմ, հեդոնիզմ, ռաբիսի տիրապետություն, նյութապաշտություն, ստրկամիտություն՝ մի յուրօրինակ ու նոր փիլիսոփայություն, որի իմաստն է ազգային հարստության ռազմավարական մասը՝ գազամուղ, էլ-ցանցեր, երկաթգիծ, կապ, հանքեր, և շահերը՝ արտաքին քաղաքականություն, ռազմական և անվտանգային հարցեր, Արցախ․․․ գաղութատիրոջը՝ ցարին, զիջելու դիմաց ստանալ նրա համակրանքը, հովանավորությունը և իշխանության դաբրոն, որպեսզի հնարավոր լինի հարստանալ՝ յուրային ժողովրդին կեղեքելու միջոցով։
Գասպարյան․ — Առաջ եկան մականունավոր օլիգարխներ, նրանց շահերը սպասարկող քրեական հեղինակություններ և նրանց բոլորի գլխին կանգնած շեֆը, նույն ինքը՝ գեներալ-գուբերնատորը․․․
Գասպարյան․ — Այսպես կոչված «Ոչ բռնի թավշյա հեղափոխությունը» նույնպես այդ ծրագրի հերթական փուլն էր։
Գասպարյան․ — Բայց ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը, և ցանկացած ապազգային, անբնական, անբարոյական, ոչ ժողովրդավարական համակարգ դատապարտված է մահվան։ Հայաստանի դեպքում համակարգի մահը չէր կարող լինել փափուկ և անցավ, քանի որ կար Արցախի հարցը։ Ցավոք սրտի՝ այդպես էլ եղավ։ Արյունով ծնված հանցավոր համակարգը (հիշենք Մոնթեի, Լեոնիդի, Արթուր Մկրտչյանի և այլոց առեղծվածային սպանություններն ու հոկտեմբերի 27-ը), արյունով էլ սատկում է՝ իր հետ տանելով մեր հազարավոր նվիրյալ տղաների և աղջիկների կյանքերը։ Մենք հիմա ականատես ենք այս համակարգի հոգեվարքային ցնցումներին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթը նշանավորում է ոչ միայն դավադիր պատերազմում մեր կրած պարտությունը, այլև ավետում է Հայաստանի քրեաօլիգարխիկ, նեոգաղութային համակարգի մահվան մեկնարկը։
Հաջորդ բանախոսը Յուռա Թադևոսյանն է։
Յուռա Թադևոսյան․ — Ողջույն, ժողովուրդ ջան։ Ես ձեզանից մեկն եմ, ձեր ցավը տանեմ։
Թադևոսյան․ — Ազգային-ժողովրդական բևեռից հենց հիմա մրսում են նախկինները, որոնք լափելուց, բանակը թալանելուց ու դղյակներ կառուցելուց բացի մեղքերի քավություն էին անում՝ եկեղեցիներ կառուցելով։ Ներկայիս կառավարությունը անգրագետ և դավաճանական ուղղություն է բռնել, շարունակում է մինչև այսօր ժողովրդի ուղեղը լվանալ։ Ազգային-ժողովրդական բևեռից մրսում է նաև Կրեմլը, Ալիևը և Էրդողանը։ Դրանք բոլորը սառույցներ են․․․
Թադևոսյան․ — Ազգային-ժողովրդական բևեռը մեր ժողովրդի, կարելի է ասել, արևն է։ Այն արևն է, որը հալացնելու է այդ սառույցները։
Հաջորդիվ ելույթ է ունենում Ալբերտ Բաղդասարյանը։
Ալբերտ Բաղդասարյան․ — Պուտինը անձամբ գրեց Հայաստանի համար կապիտուլիացիոն պայմանագիրը և հարյուր տարի անց հերթական անգամ Հայաստանի տարածքները բաժանեց ռուս-թուրք-ադրբեջանական եռյակի միջև։ Հայաստանի ազգուրաց, անազգ մասսան բավարարվեց, ասեց՝ վերջապես մենք կունենանք խաղաղություն, մենք մտնելու ենք խաղաղության դարաշրջան, այլևս մենք ու ադրբեջանցիք, մենք ու թուրքերը եղբայրներ ենք, Թուրքիայից դրական ազդակներ ենք ստանում։ Այս խոսքերը ձեզ չեն հիշեցնո՞ւմ հարյուր տարի առաջ հայ բոլշևիկների խոսքերը․․․
Բաղդասարյան․ — Օգտագործելով 30 տարի հայ ազգի մեջ կուտակված զայրույթը՝ 2018 թվականի անունը դրեցին բաց ձեռքերի հեղափոխություն։ (Ձեռքերը պարզում է դեպի վեր) Նայեք՝ այս դիրքը հանձնվելու դիրքն է։ Մենք բոլորս ազգովի ձեռքերներս բարձրացրեցինք և նոյեմբերի 9-ին ինքը կնքեց այս հանձնվելու հայտարարությունը․․․
Վահե Գասպարյան․ — Մի հատ էլ լավ լուր ու գնանք․ դեկտեմբերի 9-10-ը տեղի է ունենալու ԱՄՆ նախաձեռնությամբ «Ժողովրդավարության սամիթ» կոչվող միջոցառումը, որին մասնակցելու են 100-ից ավելի ժողովրդավարական երկներ։ Հայտնի է դարձել, որ այդ սամիթին մասնակցության հրավեր չեն ստացել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Բելառուսը և այլ բռնատիրական երկրներ։ Սա՝ ի գիտություն այն տգետների, որ պնդում են, թե Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է․․․
Ցուցարարներին ջահեր են բաժանում։ Հանրահավաքը երթով շարժվում է դեպի Ռուսաստանի դեսպանատուն։
Զառա Հարությունյան
լուսանկարները՝ Էլիզա Մխիթարյանի